Մեր թիմի բոլոր անդամները ենթարկվում են բռնաճնշումների, նույնիսկ իմ տան մոտ ոստիկանության օպերլիազորները հսկողություն են իրականացնում եւ այդ մասին զեկուցում համապատասխան անձանց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնող թիմի ղեկավար Սոնա Աղեկյանը:

«Շենգավիթի վարչական շրջանի 26-ամյա ղեկավարը մասնակցում էր ինձ բերման ենթարկելու օպերացիային: Ինձ ապօրինաբար տարան ոստիկանության բաժին, 3 ժամից ավելի պահեցին, ես վերցրել եմ փաստաթղթերը, որ զեկուցագրում ամեն ինչ գրված է, այդ ամենը սուտ , եւ ես դիմելու ենք Եվրոպական դատարան»,-ասաց նա:

Աղեկյանը նաեւ տեղեկացրեց, որ իրեն դատի է տվել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. «Հայկ Մարությանը պարզել է, որ ունի արժանապատվություն եւ դա, ըստ նրա, արժե 2 մլն դրամ: Նա շատ լավ գիտի, որ ես իմ խնամքի տակ ունեմ երկու անչափահաս երեխա, երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող մայր, ինքը ֆինանսապես ցանկանում է ինձ ճնշել, որ լռեցնի, բայց չի կարող:

Քանի որ շարժական եւ անշարժ գույք չունեմ, որի վրա հնարավոր լինի բռնագանձումը տարածել, երեկ հասկացա, որ Հարկադիր կատարման ծառայությունը պետք է գույքագրում կատարի՝ երեխաներիս ու մայրիկիս հագուստը գա, գնահատի, որպեսզի փոխհատուցեն Հայկ Մարությանի արժանապատվության երկու միլիոն դրամը»,-ասաց նա ու դիմեց Մարությանին. «Իմ զգեստներից մի քանիսը, որոնք համապատասխանեն ձեզ, ձեր չափսերին, ես դրանք առանձնացրել եմ: Իմ ներքնազգեստները, որ ժանյակավոր են հատուկ ձեզ համար, դուք դա սիրում եք այդպիսիք կրել, կարմիր շրթներկեր ունեմ: Դրանք բոլորը կներկայացնեմ ձեզ»:

Սոնա Աղեկյանը հավելեց, որ սկսում են Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու՝ իմփիչմենթի,  գործընթաց: