ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում բացահայտվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից շինարարական գործունեություն իրականացնելու համար կեղծ լիցենզիա պատրաստելու եւ տրամադրելու դեպք։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Էդ-Շին» ՍՊ ընկերության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ընկերությունը 2015-2017թթ. ընթացքում ՀՀ տարածքում իրականացրել է ասֆալտապատման աշխատանքներ՝ չունենալով լիազոր մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ստացված թույլտվություն:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին աշխատակցի կողմից «Էդ Շին» ՍՊԸ-ի անվամբ կազմվել եւ տրամադրվել է  «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով լիցենզավորման ենթակա գործունեության համար նախատեսված կեղծ լիցենզիա եւ ներդիր, ինչի հիման վրա, «Էդ Շին» ՍՊ ընկերությունը, փաստորեն, չհանդիսանալով ՀՀ քաղաքաշինության կոմիտեի «Լիցենզավորման կենտրոն» գործակալության քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված իրավաբանական անձ, առանց համապատասխան լիցենզիայի, ՀՀ տարածքում իրականացրել է լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն:

Դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է: