ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է «Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մեղադրանք է առաջադրվել ՊՈԱԿ-ի տնօրենին եւ ուսումնական աշխատանքի գծով տեղակալին:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են «Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի եւ վերջինիս տեղակալի կողմից կատարված չարաշահումների մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ «Երեւանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, կանոնադրությամբ ունենալով ՊՈԱԿ-ի գույքը, այդ թվում նաեւ՝ ֆինանսական միջոցները տնօրինելու լիազորություն, իր աշխատանքային գործունեության՝ 2015, 2016 եւ 2017թթ. առաջին կիսամյակի ընթացքում կատարել է մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես՝ աշակերտներին հատկացվող սնունդը նախատեսված չափաբաժիններից ավել տրամադրելու, ինչպես նաեւ մի խումբ աշխատակիցներին դպրոցի ճաշարանում սնվելու հնարավորություն ընձեռնելու պատրվակով կազմակերպության ուսումնական տարվա փաստացի կոմպլեկտավորման տվյալների վերաբերյալ ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն ներկայացված պաշտոնեական գրություններում աշակերտների ընդհանուր քանակի վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություն մտցնելով, այն է՝ դպրոցում գիշերող աշակերտների քանակը ներկայացնելով փաստացի գիշերող աշակերտների քանակից ավել, պետական բյուջեից ստացել է սննդի համար նախատեսված ավել ֆինանսավորում եւ ձեռք բերել համապատասխան սնունդ:

Քննության տվյալներով՝ դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալի օժանդակությամբ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ դպրոցի պահեստից դուրս գրվող սննդամթերքի ճաշացանկ-պահանջագրերում ավել են հաշվառվել փաստացի դպրոցում չգիշերող թվով 27 աշակերտ՝ այդ կերպ պաշտոնեական կեղծիք կատարելով, հիշյալ աշակերտների անվամբ դպրոցի պահեստից ելքագրելով եւ վատնման եղանակով հափշտակելով առանձնապես խոշոր չափերով՝ 5.425.049 ՀՀ դրամ արժողությամբ սնունդ:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել՝ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում եւ խարդախություն կատարելու այլ դեպքերի վերաբերյալ եւս:

Այսպես՝ ՊՈԱԿ-ի տնօրենը տնտեսական գծով փոխտնօրենի խնդրանքով իր աշխատավարձի բանկային պլաստիկ քարտից 2008 թվականի նոյեմբերից մինչեւ 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում կանխիկացրել է ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից նրան փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների եւ խրախուսանք-հավելավճարների գումարները եւ խաբեությամբ, փոխանցված գումարների իրական չափի մասին չհայտնելով, կանխիկացված գումարներից փոխտնօրենին առձեռն հատկացրել է ընդհանուր նրա բանկային պլաստիկ քարտին փոխանցված 13.385.883 ՀՀ դրամից 5.779.000 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած՝ առանձնապես խոշոր չափերով՝ 7.606.883 ՀՀ դրամ գումարը խարդախությամբ հափշտակել է:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ տնօրենը դպրոցի երկու աշխատակցի աշխատավարձի բանկային պլաստիկ քարտը դպրոցի հաշվետարից ստացել է, սակայն այն չի տրամադրել նրանց եւ 2013-2017թթ. եւ 2014-2016թթ. ընթացքում անձամբ կանխիկացրել է ՊՈԱԿ-ի ֆինանսական միջոցներից ելքագրված եւ աշխատակիցների բանկային քարտին փոխանցված աշխատավարձի, արձակուրդայինների եւ խրախուսանք-հավելավճարների գումարները եւ խաբեությամբ, փոխանցված գումարների իրական չափի մասին չհայտնելով, առձեռն հատկացրել է նրանց բանկային պլաստիկ քարտին ընդհանուր փոխանցված 3.980.563  եւ 3.735.993 ՀՀ դրամ գումարներից մի դեպքում 2.637.000, իսկ մյուս դեպքում 2.730.000 ՀՀ դրամ գումարը, իսկ մնացած՝ խոշոր չափերով 1.343.562  եւ 1.005.993 ՀՀ դրամ գումարները խարդախությամբ հափշտակել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 եւ 2-րդ կետերով (2 դրվագ), իսկ տեղակալին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: