Միանգամից երկու միջին չափի աստղակերպ կթռչի Երկրի կողքով սեպտեմբերի 14-15-ին, տեղեկացնում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածքի հետազոտության վարչությանը (NASA)։

Ամերիկյան տիեզերական գործակալությունը նշում է, որ օբյեկտները որեւէ վտանգ չեն ներկայացնում մոլորակի համար։ «Այդ աստղակերպերը վաղուց դիտարկվում են, մեկը՝ 2000, մյուսը՝ 2010 թվականից, եւ դրանց ուղեծրերը շատ լավ հայտնի են»,- ասել է Վաշինգտոնում NASA-ի պլանետար պաշտպանության Համակարգող բյուրոյի ծրագրերի ղեկավար Լինդլի Ջոնսոնը։

Նա ավելացրել է, որ երկու երկնային մարմիններն էլ կթռչեն Երկրից մոտ 14 լուսնային հեռավորության վրա (մոտ 5,6 մլն կմ)։ Փորձագետը նշել է, որ փոքրիկ աստղակերպերը մշտապես թռչում են Երկրին այդքան մոտ։

Մերձերկրյա 2010 C01 աստղակերպը, որի տրամագիծը կազմում է 120-260 մետր, բարեհաջող կթռչի Երկրի կողքով շաբաթ, ժամը 07.42-ին։ Երկրորդը՝ 2000 QW7-ը, 290-650 մետր տրամագծով, ինչը համադրելի է երկու Էյֆելյան աշտարակի բարձրությանը, Երկրի կողքով կթռչի սեպտեմբերի 15-ին, ժամը 03.54-ին։