ՀՀ Ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիային կից հարկային քաղաքականության եւ վարչարարության խորհրդատվական կոմիտեի XV նիստը, տեղեկացնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների շրջանակներում իրականացվող փոխադարձ առեւտրի կազմակերպման գործընթացում անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները, ինչպես նաեւ էլեկտրոնային եղանակով ծառայությունների մատուցման դեպքերում ԱԱՀ-ի գանձման սկզբունք¬ները, ընթացակարգերը եւ այլն:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝ քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, գնահատվում են ավելի ճկուն, ավելի մատչելի ընթացակարգեր ներդնելու հնարավորությունները, որոնք մեր գործարար շրջանակներին հնարավորություն կտան հարկային հաշվառումն իրականացնել պարզ կանոններով՝ տնտեսելով եւ՛ ժամանակ, եւ՛ ռեսուրս:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ անդամ պետությունների հարկային մարմինների միջեւ փոխադարձ օգնության, փոխհամագործակցության գործիքների զարգացման հնարավորություններին, որոնք առավելապես ուղղված են հարկային մարմինների միջեւ համագործակցության նոր մակարդակի ապահովմանը:

«Մենք՝ որպես հյուրընկալող երկիր, ձեւավորել ենք մեր օրակարգային հարցերը՝  նպատակ ունենալով մեր տնտեսավարող սուբյեկտների, նաեւ քաղաքացիների համար ձեւավորել ավելի նպաստավոր միջավայր, պարզեցնել հարկային հաշվառման կանոնները եւ առհասարակ կրճատել այդ գործընթացի վրա ծախսվող ժամանակը», -ասել է Պողոսյանը:

Նիստը նախագահող ԵՏՀ կոլեգիայի էկոնոմիկայի եւ ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Տիմուր Ժակսիլիկովի խոսքով` հանդիպումն ընդգրկում է հարկային հարցերին վերաբերող լայն շրջանակ: «Նման հանդիպումները թույլ են տալիս մանրակրկիտ ուսումնասիրել ԵԱՏՄ անդամ երկրների հարկային քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխությունները, խթանել փորձի փոխանակումն ու բիզնես ոլորտի զարգացումը»,- նշել է Ժակսիլիկովը: