Իսպանիայում տեղատարափ անձրեւներն ու քամին օդանավակայանների աշխատանքի դադարեցման, ջրհեղեղների ու երթեւեկության խափանումների են հանգեցրել: Այս մասին հայտնել են տուժած շրջանների արտակարգ իրավիճակների ծառայությունները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Aena օդանավակայանների իսպանական վարչությունը Twitter-ում տեղեկացրել է, որ ստիպված է ժամանակավորապես փակել օդանավակայանները Մուրսիայում եւ Ալմերիայում: Պալմայում չեղարկվել է 14 թռիչք, ինչպես նաեւ 22 ինքնաթիռ այլ օդանավակայաններ են վերաուղեւորվել: Վալենսիայում ափերից սկսել է դուրս գալ Սեգուրա գետը:

Իսպանիայի պետական մետեորոլոգիական գործակալությունը զգուշացրել է երկրի որոշ հատածներում հորդառատ անձրեւների, ամպրոպի եւ քամու ուժգնացման մասին: Մի շարք բնակավայրերում վտանգի մակարդակը հասել է ամենաբարձր՝ կարմիր մակարդակին: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շատ դպրոցներ չեն գործում:

24 Oras հեռուստաալիքը կադրեր է ներկայացրել: Այս պահին հայտնի է Անդալուզիայում եւ Կաստիլիա-լա-Մանչում 4 զոհի մասին: Ամենից բարդ վիճակ է Վալենսիայում, Մուրսիայում եւ Բալեարյան կղզիներում:

Պիրենեյան թագավորության ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Ֆերնանդո Գրանդե-Մարլասկիի խոսքով՝ տարհանվել է ավելի քան 1,5 հազար մարդ, նրանց թիվը կարող է աճել: Բացի այդ, նրա խոսքով, այժմ 74 ավտոճանապարհ փակ է, հարյուրավոր մարդիկ են աշխատում տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ:

Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսն ու Վալենսիայի առաջնորդ Քսիմո Պուչը քննարկել են ստեղծված իրավիճակը: Պեդրո Սանչեսն օգնություն է առաջարկել: Ակնկալվում է,  որ շուտով Սանչեսը տուժած շրջաններ կայցելի: