Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Էրեբունու բաժնում 40-ամյա մի կին հաղորդում տվեց, որ երթուղային ավտոբուսում գողացել են իր դրամապանակը, որի մեջ եղել է փող, բջջային հեռախոս եւ այլ իրեր։ Դեպքի հաջորդ օրը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության ծառայողները բացահայտեցին գրպանահատության դեպքը։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ բաժին բերման ենթարկեցին Երեւանի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի, որը տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածը դրամապանակ է գողացել նաեւ սեպտեմբերի 5-ին՝ մեկ այլ երթուղային ավտոբուսում։ Գողոնը հայտնաբերելու միջոցառումները շարունակվում են։ Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։