Այս օրինագիծը ընդունելու դեպքում յուրաքանչյուր քաղաքացի հատուկ հավելվածի միջոցով կկարողանա նկարահանել եւ ոստիկանությանը հայտնել այլ քաղաքացիների կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման մասին: Սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստում «Տեսախցիկներով կամ ֆոտոհսկմամբ գրանցված ճանապարհային երթեւեկության խախտումների մասին գործերով վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի համահեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Պատգամավորը պարզաբանեց, որ իր առաջարկի էությունը հատուկ հավելվածի ստեղծումն է, որի միջոցով ցանկացած ֆիզիկական անձ առցանց կապով կկարողանա ոստիկանություն ուղարկել կատարված իրավախախտման տեսանյութը, որից հետո ոստիկանության աշխատակիցները, ստացած նյութի եւ տվյալների հիման վրա կկարողանան խախտողի նկատմամբ վարչական ակտ կազմել:

Ընդ որում՝ նա շեշտեց, որ խախտման մասին հայտնած քաղաքացու անձը գաղտնի կմնա, հետեւաբար նրան ոչ ոք չի կարող փակցնել «մատնողի» կամ «իրազեկիչի» պիտակ:

Գաբրիելյանը շեշտեց, որ Հայաստանում ճանապարհային պատահարների հետեւանքով տարեկան զոհվում է «մի ամբողջ գյուղ»՝ պարզաբանելով, որ Հայաստանում գյուղեր կան, որտեղ բնակվում է 200-300 մարդուց ոչ ավելի, այսինքն՝ այնքան, որքան ՃՏՊ-ի հետեւանքով զոհերի թիվն է:

Հարցը բավականին լայն քննարկում ունեցավ եւ հարուցեց խորհրդարանականների ոչ միանշանակ արձագանքը, որոնց մոտ առաջացրեց կասկածներ եւ մտահոգություններ:

Նշենք, որ մինչեւ թավշյա հեղափոխությունը Ոստիկանությունը պատրաստվում էր օգտագործել շարժական տեսանկարահանող սարքերը, բայց բախվելով հանրային դժգոհությանը՝ ստիպված էր նահանջել: