ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) փորձագետ Աննա Լուժին եւ Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանին:

Հանդիպմանը քննարկվել է Հիմնադրամի կողմից մշակված «Խաղողի տնկարկների կադաստր» ծրագրի հայեցակարգը, որին ակտիվ մասնակցություն է ունեցել Աննա Լուժը:

Ծրագրի նպատակն է ստեղծել էլեկտրոնային միասնական տեղեկատվական համակարգ, որտեղ կտեղակայվի մշտապես թարմացվող տեղեկատվություն խաղողի տնկարկների, բերքի մշակությամբ եւ մթերմամբ, պահեստավորմամբ եւ վերավաճառքով զբաղվող բոլոր շահառու կողմերի մասին: Նախատեսվում է նաեւ վերհանել եւ ուսումնասիրել խաղողագործական շրջաններում խաղողագործական, գինեգործական եւ պատմամշակութային տարբերվող համատեքստ ունեցող միկրո- եւ մակրոշրջանները, խթանել աշխարհագրական նշումով գինիների արտադրության համակարգի մշակումը եւ ներդնումը:

Կադաստրի ստեղծումը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաեւ վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը: Այն մաս է կազմում այն համալիր աշխատանքների, որոնք ուղղված են Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության զարգացմանը, խաղողագինեգործական արտադրանքի որակի բարձրացմանն ու մրցունակության կայուն ապահովմանը, ինչպես նաեւ ոլորտում կեղծարարության դեմ պայքարին:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ ամպելոէկոլոգիական տեսանկյունից հիմնավորված խաղողի տնկարկների տեղաբաշխումը եւ վերահսկումն ընդունված է համաշխարհային պրակտիկայում եւ այն իրականացվել է խաղողագործությամբ հայտնի մի շարք երկրներում: