Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Հասան Ռուհանին սիրիական  կարգավորման հարցով Անկարայում սեպտեմբերի 16-ին կայանալիք գագաթաժողովում  մանրամասն կքննարկեն Իդլիբում եւ Սիրիայի հյուսիս-արեւելքում իրավիճակը, իսկ այնուհետեւ համատեղ հայտարարություն կընդունեն, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Կրեմլի ներկայացուցչի խոսքերով, առաջնորդները կքննարկեն ԱԽ 2254 բանաձեւով նախատեսված՝ ՄԱԿ-ի աջակցությամբ հենց սիրիացիների կողմից իրականացվող քաղաքական գործընթացի հետ կապված հարցեր։

«Եւ, իհարկե, այդ ճանապարհին կարեւոր փուլ կլինի Սահմանադրական հանձնաժողովի ձեւավորման գործընթացի ավարտն ու աշխատանքների մեկնարկը՝ Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի 2018թ․ որոշմանը համապատասխան,- հավելել է Ուշակովը։

Բացի այդ, Սիրիայի կարգավորման հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր-երկրների առաջնորդների հանդիպմանը կքննարկվի հումանիտար իրավիճակը, փախստականներին օգնություն ցուցաբերելու, Սիրիայում բազային ենթակառուցվածքները վերականգնելու հարցերը։

«Այս հանդիպման սկզբում առաջնորդները հրապարակայնորեն կթվարկեն սիրիական հարցի կարգավորման այժմյան փուլին իրենց մոտեցումները, այնուհետեւ փակ ռեժիմով կշարունակվի մտքերի փոխանակումը,- հավելել է Ուշակովը։

«Ծրագրվում է, որ բանակցությունների արդյունքներով պետությունների ղեկավարները եռակողմ ձեւաչափով կընդունեն հայտարարություն, որը գործնականում արդեն պատրաստ է, իսկ այնուհետեւ գագաթաժողովի արդյունքներով հանդես կգան ԶԼՄ-ների առջեւ»,- պարզաբանել է Ուշակովը։