Պաշտոնյաները, որ իրենց ելույթներում հայտարարում են, որ շահագործումն անվտանգ է, դուք ռադիոակտիվության մասը գնահատե՞լ եք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման խնդրին։

Բնապահպանի խոսքով՝ ներկայումս հանքարդյունաբերության ոլորտում ճգնաժամային իրավիճակ է.

«Ամուլսարը շատ վառ օրինակ է, որ մենք ունեցել ենք նոր հանքի շահագործման ծրագիր, որը սկսվեց 2006 թվականին։ Եվ այդ 2006 թվականին աստիճանաբար միլիոններ, որոնք նրանք ասում են, որ մենք ծախսել ենք։ Եվ նրանք խոսում են ներդրումների մասին, մեզ համար այդպիսի ներդրումը զրո նշանակություն ունի։ Ի՞նչ է նշանակում հանքարդյունաբերության մեջ ներդրումներ։ Եվրոպան հրաժարվում է ցիանային արտադրությունից։ Դա համարվում է ամենավատ ու ռիսկային մասն է հանքարդյունաբերության ոլորտում։ Ասում են, որ մենք պիտի ունենանք մինչեւ 70 տոննա ոսկի ու ոչ ոք չի ասում, որ այդ ոսկին ունենալով 0.8 գրամ կոնցենտրացիա 1 տոննայի մեջ, ստացվում է, որ մենք ունենալու ենք դատարկ ապարներ։ Եթե կա 0.8 գրամ ոսկի, բա մնացած մետաղները ի՞նչ են՝ ինչ ասես»։

Հովհաննիսյանն ասաց, որ Կառավարության անդամները բնապահպաններին պետք է հստակ փաստեր ներկայացնեն հանքի շահագործման վերաբերյալ. «Մենք պետք է տեսնենք ու համոզվենք, որ Կառավարությունը պատասխանատվություն կկրի։ Ինչո՞ւ այդ պաշտոնյաները  չեն անդրադառնում այդ հարցին։ Եթե դուք ձեր պայթացումներով հանկարծ մտնեք այդ ուրանային պոչը, առողջությանը ի՞նչ պիտի լինի։ Կարո՞ղ է դու վերցնես ասես՝ հա, կներեք ես այստեղ սխալվեցի, էտ ներողությունով հո հարցը չի՞ լուծվում»։

Բնապահպան Սիլվա Ադամյանն էլ Հովհաննիսյանի խոսքին ավելացրեց, որ վերջերս տեղի ունեցած երկրաշարժը տիեզերքի կողմից ազդանշան է եղել. «Կարծես՝ զգուշացնի, ասի՝ զգույշ եղեք։ Սեյսմիկ գոտի է, մի փոքր ավելի ուժգին երկրաշարժի դեպքում ի՞նչ պիտի անենք, ինչպե՞ս պետք է պաշտպանվենք»։

Ադամյանն ասաց, որ եթե էկոհամակարգում սկսկեն պայթուցիկ աշխատանքները, ապա բնապահպաններն անգամ չգիտեն, թե պայթյունի հետեւանքով առաջացած այդ խոռոչները դեպի ուր են տանելու. «Բացի դրանից մենք ունենք նաեւ մակերեւութային հոսք բոլոր տարածքներում։ Մակերեւութային հոսքը չես կարող կառավարել, ուղղել։ Կա տասնամյակների փորձ, մենք տեսնում ենք այդ աղետները, տեսնում ենք, թե ինչքան պոչամբարներ են ստեղծվել, որոնք դժվար է մաքրելը»։

Ադամյանն Ամուլսարի հանքի շահագործման իրավիճակն ավելի պարզ բացատրելու նպատակով բերեց օրինակ. «Մի տեսակ մանկական մտածելակերպ ասեմ, հոգեբանություն ասեմ, ասում են Ամուլսարը պետք չի շահագործել, սա նման է մի մայրիկի, որը ասում է Ամուլիկ ջան, մի՛ աղտոտի, մի՛ խաղա այդ խաղերը, որովհետեւ աղտոտված կլինի մեր տունը, ասում է՝ բա ինչի՞ Քաջիկին կարելի է այսքան տարի աղտոտել այդ խաղերից խաղալ, ու չպատժվել, կամ Թեղուտիկը։ Մայրիկը ասում է՝ արի սպասենք, Քաջիկը գումար է բերում, թող վաստակի, մենք մի քիչ ոտքի կկանգնենք, հետո այդ բոլոր մաքրության հարցերը կլուծենք։ Ամեն ինչ պետք է զուգահեռ արվի»։

Բնապահպանն ասաց, որ Ջերմուկի հարակից համայնքների արոտավայրերից կենդանիներն այլեւս չեն օգտվում, խոտն ախտոտված է.

«Եվ եթե խոսում են ռեկուլտիվացիայի մասին, Ամուլսարում  ռեկուլտիվացիայի ընթացքը կտեւի հարյուր տարի։ Այդ հարյուր տարվա ընթացքում փոխվելու են սերունդներ, որոնք խմելու են ախտոտված, վտանգավոր ջուր։ Արդեն հիմա գյուղացիները բողոքում են, որ արոտավայրերից կենդանիները չեն կարողանում օգտվել, չեն ուտում, որովհետեւ փոշի է դրած վրան։ Կենդանին ավելի լավ զգում է, որ դա իր օրգանիզմի համար վնասակար է։ Գնդեվազի բնակիչները դժգոհում են, որ իրենց տան ծորակներից պխտոր ջուր է գալիս։ Մարդիկ տեսնում են, որ ավելի քիչ բերք են կարողանում ստանալ ախտոտված հողերից, քան ստանում էին առաջ»։