Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ ԵՄ-ը խորին մտահոգություն են հայտնում՝ կապված Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից (ԳՀՀԾ) Թեհրանի նոր նահանջի հետ: Այս մասին ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Միացյալ Թագավորության ԱԳՆ-ը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կողմերը մտավախություն ունեն, որ ԳՀՀԾ-ն կշարունակի փլուզվել 2018թ. ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների պատճառով, եւ Իրանի կողմից ընդունված որոշումների հետեւանքով կհրաժարվի համաձայնագրի իր մի շարք առանցքային դրույթների իրականացումից: Կողմերը վստահ են, որ վերջին իրադարձությունները ցույց են տալիս լարվածության թուլացման ու երկխոսության վերսկսմանն ուղղված դիվանագիտական ջանքերի անհրաժեշտությունը»,- ասված է փաստաթղթում:

Կողմերը նշում են, որ նախկինի պես աջակցում են ԳՀՀԾ-ն եւ Իրանին կոչ են անում հրաժարվել համաձայնագրի պայմանները խախտող հետագա քայլերից ու միջուկային գործարքին վերաբերող բոլոր հարցերով համագործակցել Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ:

Կիրակի ԱԷՄԳ-ը հայտնել է, որ Իրանի իշխանությունները տեղեկացրել են գործարքով նախատեսված իրենց պարտավորությունների կրճատման 3-րդ փուլի մասին: Այդ փուլի մեկնարկի մասին հայտնել է նաեւ Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Կամալվանդին: 

Իրանական միջուկային գործարքի ապագան հարցականի տակ դրվեց 2018թ. ԱՄՆ-ի միակողմանի դուրսբերումից հետո: 2019թ. մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը կասեցնում է միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների մի մասը (հարստացված ուրանի վաճառքը 60 օրով դադարեցնելը): Հուլիսի 7-ին Թեհրանն անցավ կասեցման երկրորդ փուլին (հայտարարեց ավելի քան 3,67 տոկոսով ուրանի հարստացման մասին) եւ խոստացավ նվազեցնել պարտավորությունները յուրաքանչյուր 60 օրը մեկ, եթե մյուս մասնակիցները չհետեւեն ձեռք բերված պայմանավորվածությունները: