ԱՄՆ ֆինանսների նախարարությունը բոլոր երկրներից պահանջում է դադարեցնել իրանական նավթի գնումը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հարցերով օգնական Մարշալլ Բիլլինգսլին, հաղորդում է Vesti-ն:

«Պայքարել ահաբեկչություն դեմ նշանակում է չֆինանսավորել այն, այդ թվում նաեւ իրանական նավթ չգնել, եւ վերջ»,- հայտարարել է Բիլլինգսլին:

Նա խոստացել է շարունակել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցային ճնշման «ագրեսիվ» քաղաքականությունը:

Ավելի վաղ Իրանը հայտարարել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով նախատեսված իր պարտավորություններից հրաժարվելու երրորդ փուլի մեկնարկի մասին: Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունն իր հերթին հայտնել է, որ Թեհրանը կգործարկի տարբեր մոդելների 56 կատարելագործված ցենտրիֆուգներ:  

Իրանական միջուկային գործարքի ապագան հարցականի տակ դրվեց 2018թ. ԱՄՆ-ի միակողմանի դուրսբերումից հետո: 2019թ. մայիսի 8-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը կասեցնում է միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների մի մասը (հարստացված ուրանի վաճառքը 60 օրով դադարեցնելը): Հուլիսի 7-ին Թեհրանն անցավ կասեցման երկրորդ փուլին (հայտարարեց ավելի քան 3,67 տոկոսով ուրանի հարստացման մասին) եւ խոստացավ նվազեցնել պարտավորությունները յուրաքանչյուր 60 օրը մեկ, եթե մյուս մասնակիցները չհետեւեն ձեռք բերված պայմանավորվածությունները: