Լոնդոնի Թագավորական քոլեջի ինժեներները ստեղծ ել են մի ռոբոտ, որը կարող է տեղափոխվել ինչպես թռչող ձուկ, հայտնում է Science Robotics-ը։

Ռոբոտը շարժվում է ոչ մեծ պոմպի օգնությամբ, որը ջուր է մղում հատուկ կամերայի մեջ, որտեղ կալցիումի կարբիդի հետ քիմիական ռեակցիա է տեղի ունենում։ Արդյունքում ստեղծվում է գազի շիթ, որը հրում է նրան ջրից եւ թույլ է տալիս միանգամից 26 մ թռչել։ Ինչպես նշում են գիտնականները, 160 գ քաշով ռոբոտը կարող է գեներացնել մի ուժ, որով իր սեփական քաշը 25 անգամ գերազանցող իրեր կբարձրացնի։ Հենց դրա շնորհիվ է նա կարողանում պոկվել ջրի մակերեւույթից եւ թռչել նույնիսկ բարձր ալիքների վրայով։

Իր արտաքին տեսքով եւ շարժման ձեւով ռոբոտը նման է թռչող ձկան, որը պոչով ուժեղ հարվածների օգնությամբ դուրս է ցատկում ջրից եւ թեւածում օդում՝ օգտագործելով իր լայն կրծքային լողակները։ Թռչող ձկների թռիչքի բարձրությունը կարող է հասնել 5 մ-ի, իսկ հեռավորությունը մինչեւ 50 մ-ի։

Ռոբոտին կարելի է օգտագործել աղտոտվածության մակարդակը որոշելու նպատակով ջրի նմուշ վերցնելու համար։ Ինչպես The Independent-ին խոստովանել է ինժեներ Միրկո Կովաչը, ամենադժվար խնդիրը «այդքան փոքր ռոբոտին ստիպելն էր, որ ջրի մակերեւույթից պոկվի»։

Գիտնականները ռոբոտին փորձարկել են լաբորատորային պայմաններում։ Այժմ ինժեներները ծրագրում են թեսթավորել նրան օվկիանոսում՝ մարջանի խութերի եւ ծովային նավթահարթակների շրջանում։