Հիշեցնեմ մի շատ հետաքրքիր պատմություն ակտիվ քաղաքացիների մասին։ Կար մի այսպիսի պետություն՝ Սովետական միություն, և 37 թվականին ակտիվ քաղաքացիները ակտիվություն ցույց տալով 4 միլիոն հոգի մարդ դատեցին:  Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին ԱԺ նիստում ասաց հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում:

«Կար նաեւ մի պերսոնաժ Պավլիկ Մորոզով, որ իր պապային հանձնել էր, եւ ինքն էլ էր դարձել հերոս: Ես ոչ մի բան չեմ փորձում սրանով ասել: Պարզապես ասում եմ, որ ակտիվ քաղաքացին նա չէ, ով ոստիկանություն է միշտ գնում, այլ նա է, ով չի խախտում օրենքը, ով այն բարոյական ներքին հենքը ունի, որ ինքը իրեն թույլ չի տալի։ Եկեք դրա վրա աշխատենք»,- ասաց Աբովյանը։

Նա նշեց, որ օրենքի նախագիծը սխալ է, չի կարելի մարդկանց մեջ սերմանել դա:

«Գնացեք քաղմաս, վազելով։ Հանկարծ եթե տեսաք հարևանը քեֆ է անում ժամը 8-ին, զանգեք, գան հավաքեն, օրինակ, չէ: Ճանապարհների որակը բավարարո՞ւմ է, որ վարորդը առանց խախտումներ անելու քշի, իհարկե՛ ոչ, լուսավորությունը բավարարո՞ւմ է՝ ոչ, կա մարդկանց մեջ ատելությո՞ւն կա՝ այո։ Այս պարագայում մենք տալիս են իրենց ձեռքը «ինստրումենտ»: Դե եկեք Ոստիկանությանն ասենք՝ գնացեք տուն, էլ մնում է ի՞նչ անի, եկեք մենք ակտիվ քաղաքացիներով նայենք ամեն ինչին։ Պարոն Խաչատրյան, զանգեք ձերոնց ասեք՝ ցրում ենք Ոստիկանությունը, մենք ենք այսօրվանից ամբողջը անելու: Ժողովուրդ ջան, ի՞նչ եք անում, օրենքը չի ծառայելու նպատակին»,- շեշտեց նա։

Հիշեցնենք, որ օրինագծի էությունը հատուկ հավելվածի ստեղծման մեջ է։ Դրա օգնությամբ ցանկացած ֆիզիկական անձ առցանց կապի միջոցով կարող է ոստիկանություն իրավախախտման մասին տեսանյութ ուղարկել, որից հետո ոստիկանության աշխատակիցները, հիմնվելով ստացած նյութի վրա, կկարողանան խախտողի հանդեպ վարչական ակտ կազմել։

Ընդ որում, իրավախախտման վերաբերյալ հայտնող քաղաքացու անձը գաղտնի կմնա, եւ հետեւաբար, նրան ոչ ոք չի կարողանա «գործ տվողի» պիտակ կպցնել։

Նշենք նաեւ, որ մինչ թավշյա հեղափոխությունը ոստիկանությունը պատրաստվում էր օգտագործել շարժական տեսագրող սարքեր, սակայն բախվելով հասարակական տարակուսանքի հետ, ստիպված էր նահանջել։ Այժմ ամեն ինչ կարվի քաղաքացիների կողմից՝ ոստիկանության ակտիվ աջակցությամբ։