Խորհրդարանում այսօր քննարկումների թեժությունն ապահովեցին «Իմ քայլի» ու ԲՀԿ-ի պատգամավորները։ Նաիրա Զոհրաբյանը օրինագիծ էր մշակել, որը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար սահմանում է քրեական պատիժ։ «Իմ քայլից» հեգնական արձագանքներ եղան՝ արդյոք այս օրինագծով պաշտպանվում են նաեւ առնետների կամ մկների իրավունքները։

Գործընկերոջը պաշտպանեց Գեւորգ Պետրոսյանը, նրա դիտողությունն էլ դուր չեկավ նիստը նախագահողին։

Հաջորդ նախագիծն արդեն «Իմ քայլն» էր ներկայացնում եւ «Բարգավաճն» էր քննադատում։ Իշխող թիմից Սիսակ Գաբրիելյանը եւ Արմեն Փամբուխչյանը առաջարկեցին նախագիծ, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի հատուկ հավելվածի միջոցով կկարողանա նկարահանել ճանապարհային խատումները եւ ուղարկել ոստիկանություն։

ԲՀԿ-ական պատգամավորը սա համարեց անբարոյական նախագիծ։ Նրա ելույթից հետո նիստերի դահլիճում մթնոլորտը լարվեց, պատգամավորները տեղից ինչ-որ ռեպլիկներ արեցին։ Թունյանը Դալլաքյանին դահլիճից դուրս տարավ, նրանց հետևից դուրս եկան նաեւ այլ պատգամավորներ, վեճը շարունակվեց միջանցքում ։

Միջանցքի տրամադրությունը պահպանվեց նաեւ ամբիոնի մոտ։ Արման Աբովյանը հիշեց խորհրդային պիոներ Պավլիկ Մորոզովին, որ հորը մատնելով հերոսացավ։

«Իմ քայլից» Աբովյանի գնատականների մեջ արժեհամակարգային տարբերություններ տեսան։

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր բացահայտումների, այսպես ասած, անոնս արեց։ Փակ նիստում հրավիրել էին 2016-ի պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողի եւ ըստ Քոչարյանի՝ շատ կարեւոր տեղեկություններ էին իմացել։ Թե հատկապես ինչ, պատգամավորը չասաց, միայն իրենց տպավորությունը փոխանցեց՝ առանց մանրամասների։

Երեկ Տավուշի մարզի գյուղերից մեկում, պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել․ նրա կախված դին հայտնաբերվել է անասնագոմում։ Այս տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:  Ըստ մամուլի՝ զինծառայողին եղբայրն է գտել անասնագոմում՝ առաստաղից պարանով կախված: Անմիջապես կանչել է հարևաններին, որոնք էլ ահազանգել են 1-03: Իրավապահները պարզում են այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառները:

«Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանն այսօր ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Դատարանը բավարարեց նրա պաշտպանների միջնորդությունը՝ 1 մլն դրամ գրավի կիրառելու մասին։  Հիշեցնենք, որ 2015-ին ԱԱԾ-ն Նորք-Մարաշում վնասազերծվել էր զինված խումբ: Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած 20 հոգանոց խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության շենքերի վրա: Գործով ամբաստանյալի կարգավիճակում են պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Թոթոնջյանը և ևս 17 անձ։ Ամբաստանյալներից միայն Վարդանյանն էր կալանքի տակ. շատերն ազատվել էին 2018-ի ամռանը՝ հեղափոխությունից հետո։

Հայկ Մարությանը Սոնա Աղեկյանից դատական հայցով պահանջում է 2 միլիոն դրամ իր արժանապատվությունը վիրավորելու համար։ Ավագանու նախկին անդամը սա համարեց ֆինանսապես իրեն ճնշելու և այդ մեթոդով լռեցնելու փորձ։ Եվ քանի որ չի պատրաստվում լռել, այդ 2 միլիոնի դիմաց նա քաղաքապետին առաջարկեց իր զգեստապահարանը, հատկապես՝ ժանյակավոր ներքնազգեստները, որոնք, կարծում է, Սուպեր մամայի դերակատարը կհավանի։ Սոնա Աղեկյանը  նաեւ հայտարարեց, որ սկսելու է քաղաքապետին անվստահություն հայտնելու՝ իմփիչմենթի գործընթաց։

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է, կազմել է 476 դրամ, եվրոն 528 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 592, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 41 դրամ։

Սեպտեմբերի 14-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +10+12, վաղը ցերեկը՝ +26+28։