Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների բացահայտմանն ուղղված օրենքների նախագծերի ընդունումը շոկի կենթարկի Հայաստանի ողջ ֆինանսական համակարգը, խոչընդոտ կհանդիսանա օտարերկրյա ներդրումների համար և կխթանի Հայաստանից ֆինանսական հոսքերը։  Նման կարծիք  NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի Էկոնոմիկայի եւ ֆինանսների հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը։

Նշենք, որ երեկ Կառավարությունը հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթի, որով մի շարք հանցագործությունների դեպքում կարելի է ստանալ նույնիսկ կասկածյալ կամ մեղադրյալ  չներգրավված անձանց վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները։

«Մեծ է ռիսկը, որ բանկային գաղտնիքի ինստիտուտի թուլացման արդյունքում մարդիկ վերադառնան կանխիկ գործարքների պրակտիկային, այսինքն սկսեն իրենց գումարներն ավելի շատ շրջանառության մեջ դնել կանխիկ եղանակով, ինչը հղի է կոռուպցիոն հետևանքներով»,–ասաց տնտեսագետը։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ բանկային գաղտնիքի վերացումը խոչընդոտ է հանդիսանալու ներդրողների համար և ազդելու է դեպի Հայաստան դրամական հոսքերի վրա։ Ըստ նրա՝ Հայաստանից դեպի դուրս փոխանցումներն ավելի  շատ են լինելու, քան դեպի ներս։

«Ստացվում է, որ մենք օտարերկրյա ներդրողներին հրավիրում ենք մի երկրում ներդրում կատարելու, որտեղ կարելի է ասել բանկային գաղտնիք չի լինելու։ Այսինքն ներդրողները երաշխիքներ չեն ունենալու, որ իրենց հաշիվները այստեղ չեն «քրքրի»»,– ասաց նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝  կոռուպցիոն հանցագործությունները կամ ապօրինի հարստացումը բացահայտելու համար  կարիք չկա օրենք փոխելու։

«Առկա օրենսդրական կարգավորումները թույլ են տալիս դատարանի որոշմամբ կասկածյալների կամ մեղադրյալների բանկային հաշիվների քաղվածքները ստանալ, ի՞նչ կարիք կա այդ շրջանակն ընդլայնելու։ Ցանկացած գործով սկսելու են մարդկանց, նրանց փոխկապակցված անձանց, բարեկամների,  բոլորի հաշիվներն ուսումնասիրել»,–ասաց նա։

Տնտեսագետը մտահոգություն հայտնեց, որ առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո ֆինանսական համակարգը կզրկվի իմունիտետից։

«Սա նշանակում է, որ դու քո երկրի բոլոր ֆինանսական գործընթացները շոկի ես ենթարկում»,–նկատեց նա։

Անդրադառնալով Կենտրոնական բանկի այն հայտարարությանը՝  համաձայն որի նախագիծը չի մեղմացնում բանկային գաղտնիքի պահպանման գործող ռեժիմը և չի ազդի երկրի ֆինանսական կայունության վրա, Արմեն Գրիգորյանն արձագանքեց. «Կենտրոնական բանկը հայտարարությունով կարող է սահմանափակվել, սակայն այս օրենքը գործելու է, Կենտրոնական բանկի նախագահը կփոխվի, բայց այդ օրենքը կմնա պատուհաս և հետագայում  որպես մահակ կօգտագործվի  մարդկանց դեմ։

Հիշեցնենք, որ կառավարությունն երեկ՝ սեպտեմբերի 12–ին հավանություն տվեց  «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծին, որով առաջարկվում է մի քանի տասնյակ հանցագործությունների՝ այդ թվում անհիմն հարստացման, կաշառք ստանալու գործերով բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ ստանալ առանց սուբյեկտային սահմանափակման։

Նշենք, որ գործող օրենսդրությամբ՝ բանկերը քրեական հետապնդում իրականացնող մարմիններին բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ են տրամադրում քրեական գործով կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձանց վերաբերյալ՝ դատարանի որոշման հիման վրա, իսկ նոր նախագծով առաջարկվում է բանկային գաղտնիք կազմող տեղեկություններ տրամադրել քրեական գործերով կասկածյալ կամ  չներգրավված անձանց վերաբերյալ, այսինքն ընդլայնվում է այն անձանց շրջանակը, որոնց վերաբերյալ հնարավոր է բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներ ստանալ։