«Սութի լավ տղությունը» տեսել եմ, մոր հայհոյանքի համար բերդ են նստում, բայց այդ մորը ծաղիկ չեն առնում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13–ին, ԱԺ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն՝ ի պատասխան ԲՀԿ–ական պատգամավորների քննադատության, թե իրենց առաջարկած նախագիծը խրախուսում է «գործ տալը»։

«Ես մեծացել եմ մի տեղ, որտեղ հանցագործների թվաքանակը կարելի է «Գինեսի» գրքում գրել։ Էդ «սութի լավ տղությունը» տեսել եմ, պարոն Աբովյան, որ մոր հայհոյանքի համար բերդ են նստում, բայց այդ մորը կյանքում ծաղիկ չեն առնում»,- ասաց պատգամավորը։

Նրա խոսքով՝ այդ օրինագիծը ոչ թե անձերի այլ երեւույթի դեմ է. «Մարդ չեն տեսնում նկարում, որ թշնամանան, խնդիրն են արձանագրում, եթե խնդիրն արձանագրելը գործ տալ է, ապա հարգելի՛ ընդդիմություն, դուք լավագույն գործ տվողներն եք»,- ասաց Գաբրիելյանը։

Պատգամավորի այս հայտարարությունից հետո նիստերի դահլիճում քննարկում սկսվեց, ի դեպ «Իմ քայլի» կին պատգամավորները հեռախոսներով տեսանկարահանում էին գործընկերների բանավեճը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը եւ Արմեն Փամբուխչյանը այսօր ԱԺ նիստի ժամանակ ներկայացրել են օրինագիծ, ըստ որի՝ յուրաքանչյուր քաղաքացի հատուկ հավելվածի միջոցով կկարողանա նկարահանել ճանապարհային խատումները եւ ուղարկել ոստիկանություն։ Ոստիկանության աշխատակիցները, հիմնվելով ստացած նյութի վրա, կկարողանան խախտողի հանդեպ վարչական ակտ կազմել։