Կոլումբիական Los Rastrojos ավազակախմբի անդամներից երկուսը, որոնք պատկերված են Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, իրեն պետության ղեկավար հռչակած Խուան Գուայդոյի հետ, կալանավորվել են հունիսին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Կոլումբիայի ԱԳՆ-ին։

Ավելի վաղ Վենեսուելայի գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել կոլումբիական Los Rastrojos («Մատղաշներ») թմրակարտելի հետ Գուայդոյի կապերի առնչությամբ։ Գլխավոր դատախազը վկայակոչում է լուսանկարներն իսպանական El Pais-ում, որտեղ, նրա խոսքով, Գուայդոն կարտելի պարագլուխների հետ է նկարված։ Դատախազն ասել է, որ լուսանկարներն արվել են 2019-ի փետրվարին, երբ խմբավորումն օգնել է Գուայդոյին հատել Կոլումբիայի հետ սահմանը, չնայած Վենեսուելայից դուրս գալու արգելքին։ Վենեսուելայի ընդդիմությունը փետրվարի 23-ին փորձել է երկիր հասցնել մարդասիրական օգնություն։ Գուայդոն հերքում է մեղադրանքները հանցավոր խմբի հետ կապերի առումով։

«Երկու տղամարդ, որոնք պատկերված են ԶԼՄ-ներում պտտվող լուսանկարներում, ներկա պահին կալանավորված են։ Նրանց հանդեպ հետաքննություն է վարվում զենքի ապօրինի փոխադրման եւ հանցավոր խմբին մասնակցության մեղադրանքներով»,- ասվում է հաղորդագրությունում։

Կոլումբիայի կառավարությունը, համաձայն հայտարարության տեքստի, չի մասնակցել Գուայդոյին սահմանից անցկացնելուն, բայց երկրի տարածքում նրա հայտնվելուց անմիջապես հետո նրա անվտանգության եւ ժամանումը լեգալացնելու միջոցներ է ձեռնարկել։

Վենեսուելայի դատախազության տեղեկատվությամբ՝ Rastrojos-ը խմբավորում է, որը կազմավորվել է «Կոլուբիայի ինքնապաշտպանության միավորված ուժեր»-ի անդամներից։ Դա ռազմականացված խումբ է, որը գործել է 1990-ականների վերջին – 2000-ականների սկզբին։