Bugatti Chiron Super Sport 300+-ը ամենաարագ սերիական ավտոմեքենան է աշխարհում, բայց դա չի նշանակում, թե այն հասել է կատարելության սահմանին. այժմ ուշադրության կենտրոնում են հայտնվելու այլ որակներ, գրում է «Մոտոր»-ը։

Roadshow պարբերականի հարցազրույցում Bugatti-ի ղեկավար Շտեֆան Վինկելմանն ասել է, որ ընկերությունը պատրաստում է Chiron երկու նոր հիփերքար։ Նրա խոսքով՝ Super Sport 300+ մոդիֆիկացիան ամբողջ աշխարհին ապացուցել է, որ «Բուգատին» ավելի արագ է ցանկացած այլ սերիական մեքենայից առավելագույն արագության տեսակետից, բայց հիփերքարի համար պակաս կարեւոր չեն նաեւ այլ բնութագրեր։ Մակնիշը հասկանալ է տվել, որ արագության ռեկորդներ այսուհետ չեն լինի, բայց «Շիրոնը» կարող է ցուցադրել նաեւ այլ ձեռքբերումներ, դրա համար կստեղծվեն երկու նոր տարբերակներ։

Վինկելմանը դժգոհել է, որ Bugatti չափից ավելի է տարվել առավելագույն արագությամբ։ Եկել է շեշտադրումները փոքր-ինչ փոխելու ժամանակը, դրա համար Chiron-ի մոդիֆիկացիաներից մեկը կունենա առավելագույն հնարավոր տեսակարար հզորություն, իսկ երկրորդը՝ հղկված կառավարելիություն։ Նրա խոսքով՝ հիփերքարը կարտադրվի մինչեւ 2020 թվականի կեսը՝ չնայած այն բանին, որ նրա թվաքանակը սահմանափակված է 500 նմուշով, այնպես որ ինժեներները դեռ ժամանակ ունեն իրականացնելու ողջ պոտենցիալը՝ դրված «Շիրոնի» մշակման հիմքում։