Ցնցող միջադեպ է գրանցվել ավստրալական Սիդնեյի թունելներից մեկում. ՃՏՊ-ից հետո հինգ տուժածները խլել են իրենց օգնության շտապած բարի սամարացու մեքենան, գրում է Daily Mail պարբերականը։

Շուտով ցանցում հայտնվել է պատահարի տեսանյութը. Mazda-ն վազանցում է Range Rover-ին, ինչի հետեւանքով տեղի է ունենում պատահարը։ Դրանից հետո ՃՏՊ-ի մեջ ներգրավված մեքենաներին մոտենում է Honda-ն։

Երբ մեքենան կանգ է առնում եւ վարորդն իր օգնությունն է առաջարկում, հինգ տղամարդ դուրս են թռչում Mazda-ից եւ դանակով սպառնալով վարորդին ու նրա ուղեւորին՝ փախցնում են մեքենան։

Ներկայում ոստիկանությունը որոնում է մեքենան փախցնողներին եւ գողացված մեքենան։