Իտալիայի նոր կառավարությունը թույլատրել է Ocean Viking ֆրանսիական բարեգործական նավին՝ 82 միգրանտով, մտնել երկրի տարածքային ջրեր եւ խարիսխ գցել Լամպեդուզա կղզու ափերի մոտ, տեղեկացնում է Reuters-ը։

Զարմանալի նորությունը, որը վկայում է կառավարության միգրացիոն քաղաքականության փոփոխության մասին, Թվիթերում հայտնել են ֆրանսիական «SOS Mediterranee» եւ «Բժիշկներ առանց սահմանների» բարեգործական կազմակերպությունները։

«Իտալական իշխանությունները հենց նոր առաջարկեցին Ocean Viking-ին անվտանգ տեղ»,- նշվում է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հայտարարությունում։

Տեղեկացվում է, որ նավը «կանաչ լույս» է ստացել Իտալիայի իշխանություններից փրկարար ուղերթից վեց օր հետո։

Մինչ այդ Իտալիայի ՆԳՆ նախկին ղեկավար Մաթեո Սալվինին, որը գլխավորում է «Լիգա» կուսակցությունը, քանիցս մերժել է փրկված միգրանտներով նավերին մտնել երկրի տարածքային ջրեր։