Հայաստանում այսօր ակտիվորեն զարգանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, եւ երկիրն աշխարհին ցույց տալու շատ բան ունի WCIT-2019 ՏՏ համաշխարհային համաժողովի ընթացքում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) նախագահ Ալեքսանդր Եսայանը: 

«Հայաստանում WCIT-ի անցկացումը մեր երազանքն էր 2014 թվականից: Համաշխարհային IT ինդուստրիայի շատ հայտնի մարդիկ կգան Հայաստան»,- ասաց Եսայանը՝ հավելելով, որ միջոցառումը կլինի ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում, արդեն արտասահմանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ են հավատարմագրվել Հայաստանում տարվա կարեւորագույն միջոցառումը լուսաբանելու համար:

Համաժողովին կմասնակցեն ՏՏ ոլորտի փորձագետներ, պաշտոնական անձինք, աշխարհի առաջատար IT ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ալեքսանդր Եսայանը նշեց, որ կազմակերպիչները հյուրերի համար հատուկ ծրագրեր են պատրաստել, որպեսզի նրանց հնարավորություն տան ծանոթանալ IT եւ նրանց հետաքրքրող այլ ոլորտներում աշխատող հայկական ընտրությունների հետ, եւ բացառված չէ, որ հետագայում նրանցից ոմանք կցանկանան ներդրումներ անել այդ ընկերություններում: 

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 300 կամավորներ, որոնց հավաքը տեղի ունեցավ Ամերիկյան համալսարանում: Կամավորական կորպուսի ղեկավար Ղազար Հակոբյանի խոսքով՝ կամավորներին ընտրել են մանրակրկիտ կերպով. նախապատվություն են տվել նրանց, ովքեր օտար լեզուներ գիտեն, կամավորական գործունեության փորձ ունեն, ինչպես նաեւ աշխատում են IT ոլորտում:

Կամավորներից մեկը՝ մասնագիտությամբ իրավաբան Ռուզաննա Գեւորգյանը վաղուց էր երազում մասնակցել WCIT-ին եւ երբ իմացել է, որ համաժողովի համար կամավորների են փնտրում, անմիջապես հայտ է ներկայացրել: Ռուզաննան տիրապետում է իտալերենին, անգլերենին, հայերենին եւ ռուսերենին եւ կամավորական գործունեության փորձ ունի: Նրա խոսքով՝ ինքը դեռեւս չգիտի՝ ինչ խնդիրներ կդրվեն իր առջեւ համաժողովի ընթացքում, սակայն վստահ է, որ դա հետաքրքիր եւ օգտակար փորձ կլինի:

Հետաքրքիր է, որ կամավորների մեծ մասն աղջիկներ են: Ղազար Հակոբյանը նշեց, որ դա բացատրվում է հայաստանյան ընդհանուր իրավիճակով. այստեղ աղջիկները, որպես կանոն, ավելի ակտիվ են, մոտիվացված եւ հաճույքով են նման միջոցառումների մասնակցում:  

Հիշեցնենք, որ «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA)։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UATE)։