Մայրաքաղաք Երեւանում ի պաշտպանություն Ամուլսարի 3 ուղղություններով իրականացվող ակցիայի մասնակիցները հասան Ազատության հրապարակ:

Քայլերթի մասնակիցները Կառավարության շենքի մոտով անցնելով մի պահ կանգ առան:

Նրանք այնտեղ դեմքով շրջվեցին դեպի Կառավարություն, վանկարկեցին «Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար միայն սար» եւ «Մենք ենք տերը մեր երկրի»:

Ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ:

«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը քայլերթը կազմակերպել է հետեւյալ ուղղություններով:

1. Երթուղի 1` Սկզբնակետը՝ Զորավար Անդրանիկի Արձանի առաջ՝ Տիգրան Մեծ փողոց, Հանրապետության Հրապարակ, Աբովյան Փողոց, Հյուսիսային Պողոտա, Ազատության Հրապարակ:

2. Երթուղի-2  Սկզբնակետը՝ Բաղրամյան Մետրոյի հարակից տարածք, Բաղրամյան փողոց, Ֆրանսիական հրապարակ, Սայաթ-Նովա փողոց, Ազատության Հրապարակ:

3. Երթուղի-3 Սկզբնակետը՝ Քաղաքապետարանի հարակից տարածք, Գ. Լուսավորիչ փողոց, Մաշտոցի պողոտա, Ազատության Հրապարակ:

Նախաձեռնության հայտարարության  մեջ ասվում է, որ հանքը չի բացվելու. «Անկախ արտաքին և անհասկանալի ուժերի ճնշումներից՝ մենք վճռակամ ենք, մենք ենք իշխանությունը, մենք ենք տերը մեր երկրի»։

Երթին մասնակցում են «Քաղաքացու որոշում» կուսակցությունից Սուրեն Սահակյանը, ԱԺ ԼՀԿ խմբակցությունը լքած պատգամավոր Արման Բաբաջանյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: