Ֆինլանդիայում անհայտ անձը ներկայացել է որպես «Ֆերարի»-ի աշխատակից, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով Yle-ին:

Աղբյուրի հաղորդմամբ՝ խաբեբան ծնունդով Հիրվենսալմի փոքր քաղաքից է: Նա դիմում էր տեղական ընկերություններին համագործակցելու առաջարկով: Փոխարենը ֆինլանդացին խոստանում էր օգնել նրանց բրենդի առաջընթացի հարցում իր տեսաբլոգում գովազդի միջոցով:

2019 թվականի փետրվարից նա մի քանի հարցազրույց է տվել ֆինլանդական մամուլին, որում ասել է, որ նրան աշխատանք են առաջարկել Մարանելոյում որպես լոգիստիկայի բաժնի համակարգող: Տղամարդու սոցցանցերում հայտնվում էին «Ֆերարի»-ի համազգեստով լուսանկարներ, սակայն որեւէ նկար չկար Մարանելոյից, որտեղ գտնվում է «Ֆերարի»-ի գլխավոր գրասենյակը:

«Ֆերարի»-ի մամուլի ծառայությունում հերքել են նման աշխատակից ունենալու մասին տեղեկությունները: Խաբեբան գումար էր ստանում գովազդատուներից, սակայն նրա եկամտի հստակ չափը հայտնի չէ: Տղամարդուն գտել են, սակայն վերջինս հրաժարվել է որեւէ մեկնաբանություն տալ: Խաբված գովազդատուներից մեկը դիմում է ներկայացրել ոստիկանություն, սակայն հետաքննությունը դեռ չի սկսվել: