Սեպտեմբերի 14-ին, ժամը 20:32-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկ փողոցի թիվ 103 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Chevrolet» (վարորդ՝ Հմայակ Պ., ծնված 1959 թ.), «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Կարապետ Մ., ծնված 1971 թ.) եւ «Opel Astra G» (վարորդ՝ Լեւոն Մ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը (Լիլյա Մ., ծնված 1996 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, ով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: