2019 թվականի սեպտեմբերի 13-ին ժամը 17:00-ի սահմաններում հաղորդում է ստացվել այն մասին, որ Ս. Հակոբյանը Նորավանքի ճանապարհի աջակողմյան հատվածում, Նորավանքի կամրջից 200-300 մետր հեռավորության վրա հայտնաբերել է թակարդում հայտնված Բեզոարյան այծ: Այս մասին հայտնում է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը՝ ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Հակոբյանի գրառման, որտեղ վերջինս հայտնում էր, որ Նորավանքի ճանապարհին թակարդում հայտնված բեզոարյան այծին նկատել է եւ ազատել, կենդանու ոտքը, սակայն, ամբողջությամբ կոտրվել էր։
«Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներն անմիջապես մեկնել են դեպքի վայր, առգրավել թակարդը, սակայն Բեզոարյան այծին չեն հայտնաբերել, քանի որ Հակոբյանը վիրավոր կենդանուն բաց է թողել վայրի բնություն, հետեւաբար՝ կենդանուն անասնաբուժական օգնություն չի ցուցաբերվել։
Տեսչական մարմնի աշխատակիցները, WWF–հայաստանյան մասնաճյուղի աշխատակիցների հետ միասին ողջ գիշեր օպերատիվ որոնողական աշխատանքներ են իրականացրել որսագողերին եւ այլ թակարդներ հայտնաբերելու նպատակով։ Սակայն, չնայած նախնական պայմանավորվածության, Ս. Հակոբյանը Բեզոարյան այծի թակարդն ընկնելու մասին տեղեկատվությունը եւ լուսանկարները տեղադրել է համացանցում, այդ իսկ պատճառով որսագողերն առայժմ հայտնաբերված չեն։ Նախապատրաստվող նյութերը կփոխանցվեն իրավապահ մարմիններին՝ համապատասխան ընթացք տալու համար։

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը եւս մեկ անգամ խնդրում եւ հորդորում է բնապահպանական իրավախախտումներ արձանագրելիս անհապաղ կապ հաստատել Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների հետինքնուրույն ոչինչ չնախաձեռնել, հետեւել աշխատակիցների ցուցումներին, ընձեռել հնարավորություն՝ վնասվածքներ ստացած կենդանիներին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար»,–ասված է Տեսչական մարմնի գրառման մեջ։

Նշենք, որ բեզոարյան այծը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։