Խաչատուրյան քույրերի մայրը՝ Աուրելիա Դունդուկը, «գազան» եւ «բացարձակ չարիք» է անվանել նրանց կողմից սպանված հորը: Կինը հայտնել է այդ մասին ՆՏՎ հեռուստաալիքի «Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդման ժամանակ, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն:

Դունդուկն ասել է, որ իր ամուսինը «գազան էր, նա մարդ չէր»: Կնոջ կարծիքով՝ բարեկամները սատարում են սպանվածին, քանի որ չեն ցանկանում խոստովանել, որ «նա բացարձակ չարիք էր»: Կինը պարզաբանել է, որ լավ է ճանաչել ամուսնուն, քանի որ ապրել է նրա հետ 20 տարի: «Նրան սատարելու համար պետք է լինել նրա նման»,-հավելել է մայրը:

Դունդուկի կարծիքով՝ նրա դստրերն ունեն ազատվելու հնարավորություն: Նա նաեւ հայտարարել է, որ աղջիկները փրկել են սեփական կյանքը, եւ նրանց փոխարեն ինքը կվարվեր նույն կերպ: Մայրը մեկնաբանել է աղջիկներից մեկի՝ Անգելինայի հրապարակված նամակագրությունը սպանված հոր հետ: Կինը նշել է, որ հաղորդագրությունները ցույց են տալիս, որ հայրը «ծաղրի էր ենթարկում աղջիկներին»:

2019 թվականի սեպտեմբերին ցանցում հայտնվել է Անգելինա Խաչատուրյանի նամակագրությունը հոր հետ: Ձայնային հաղորդագրություններում աղջիկների հայրը սպառնում էր նրանց սեռական եւ ֆիզիկական բռնությամբ: Տղամարդն անվանում էր աղջկան «պոռնիկ», «մարմնավաճառ» եւ «ոչնչություն»՝ խոստանալով սպանել նրան:

2018 թվականին Մարիա, Անգելինա եւ Քրիստինա Խաչատուրյան քույրերը ձերբակալվել էին հարազատ հորը սպանելու կասկածանքով: Աղջիկների խոսքով՝ նրանք մի քանի տարի շարունակ համբերել են ծաղրը, ֆիզիկական եւ սեռական բռնությունը հոր կողմից: Հանցանքի պահին քույրերը 17, 18 եւ 19 տարեկան էին: Ընթացիկ տարվա հունիսին նրանց մեղադրանք էր առաջադրվել նախնական դավադրությամբ սպանություն կատարելու համար: Օգոստոսին հետաքննությունը հաստատել էր, որ Միխայիլ Խաչատուրյանը բռնություն էր գործադրել աղջիկների նկատմամբ: