Շիրակի մարզի Աշոցք համայնքի Ղազանչի գյուղում գրեթե մեկ շաբաթ է՝ անընդհատ թունավորման դեպքեր են գրանցվում. Բնակիչները վստահ են՝ պատճառը խմելու ջուրն է։ NEWS.am-ի հետ զրույցում գյուղի վարչական ղեկավար Լուսինե Սիմոնյանը նշեց, որ համայնքում խմելու ջրի խնդիրը երկար տարիների պատմություն ունի։

«Մեր համագյուղացիները բողոքում են, որ թուլություն են զգում, փորլուծություն, սրտխառնոց,  մի քանիսը դիմել են հիվանդանոց։ Նրանք շեշտում էին, որ ջրից է եղել թունավորումը, որովհետեւ այդ պահին շատ ջուր են օգտագործել, նաեւ նշում են, որ ջուրը կեղտոտ է եղել, հետը որդեր են եղել։ Մենք ահազանգել ենք «Վեոլիա ջուր» ընկերությանը։ Ուրբաթ առավոտյան եկել են, ջրի նմուշ են տարել»,–նշեց նա։

Լուսինե Սիմոնյանի խոսքով՝ ջրագիծը հին է եւ մաշված. «Անձրեւների ժամանակ անձրեւաջուրը ներծծվում է խմելու ջրի հետ, տեղ կա, որ կոյուղու ջուրն է խառնվում խմելու ջրին»։ 

Նա պատմում է, որ անձրեւների ժամանակ դեղին ջուր են խմում համայնքի բնակիչները, քանի որ երբ քայքայված ջրի խողովակներում ճնշումն ընկնում է ու սկսվում է ջրի հետհոսք, կեղտաջրերն ու անձրեւաջրերը ներծծվում են ջրագծերի մեջ։

Համայնքում,  համայնքի վարչական ղեկավարի փոխանցմամբ, անընդհատ ջրագծի վթարներ են գրանցվում. «Գալիս են ծակված խողովակների մեջ փայտից սեպ են խրում ու գնում։ Անընդհատ այս խնդրի առաջ ենք կանգնած»։

Լուսինե Սիմոնյանը նշեց նաեւ, որ թունավորման առաջին դեպքերը գրանցվել են սեպտեմբերի 9-ից սկսած։ Նրա խոսքով՝ նաեւ մանկապարտեզի երեխաներն են սկսել  գանգատվել փորացավից ու թուլությունից եւ մանկապարտեզից էլ են ջրի նմուշ վերցրել։

Նա հայտնեց, որ համայնքի ղեկավարը խնդրի մասին տեղյակ է պահել պատկան մարմիններին։