Հինչինական հեքիաթում հայտնվելու համար անհրաժեշտ է այցելել հնագույն Սիան քաղաքը, որը, ի դեպ, մեր Գյումրիի քույր քաղաքն է: Դուրս գալով Պեկին-Սիան արագընթաց գնացքից, որը մայրաքաղաքից 4 ժամում հասնում է Շենսի նահանգի գլխավոր քաղաք, նախքան իրերը հյուրանոց տանելը դուք պետք է մոտենաք քաղաքային պատին:

Կա Չինական Մեծ պատը, սակայն կա նաեւ ոչ պակաս հնագույն քաղաքի՝ Սիանի պատը, որը համարվում է չինական մշակույթի եւ պատմության հոգեւոր օրրանը, ինչպես նաեւ Մեծ Մետաքսե ճանապարհի սկիզբը, որը բոլոր քարավանների մեկնարկային կետն էր:

Քաղաքային պատը կառուցվել է 1374-1379թթ. եւ ունի ուղղանկյան ձեւ, իսկ հենց պատի ֆոնին երիտասարդները սովորաբար կազմակերպում են իրենց հարսանեկան ֆոտոսեսիաներն ազգային հանդերձանքով:

Հատկանշական է, որ հնում այդ առեւտրային քաղաքը բաժանված էր արեւելյան եւ արեւմտյան մասերի: Արեւմտյան հատվածում բնակվում էին օտարերկրյա առեւտրականները, իսկ արեւելյանում՝ տեղացիները:

Այդ հնագույն քաղաքը գոյություն ունի ավելի քան 3100 տարի, 13 տարբեր դինաստիաների կայսրերը կառավարել են Չինաստանը հենց այդտեղից:

Չժոու, Ցին, Հան, Սույ եւ Թան դինաստիաների ղեկավարները քաղաքը դարձրել էին որպես իրենց մայրաքաղաք եւ հենց այդտեղ 1180 տարվա ընթացքում որոշումներ էին կայացրել իրենց ենթակաների ճակատագրերի ու երկրի ապագային վերաբերող հարցերի շուրջ: Նախկինում Սիանն ուներ այլ անուն՝ Չան Ան՝ «երկարատեւ խաղաղություն»:

Շենսի նահանգը ծաղկունք էր ապրել Հանի (մ.թ.ա. 206-մ.թ.220) եւ Թանի (618-907) կառավարման շրջանում: Թանի դինաստիայի կառավարման ժամանակ Չինաստանն ապրել է բուռն տնտեսական աճ, արվեստն ու բուդիզմն ունեցել են հսկայական ազդեցություն հասարակության վրա հենց այդ փուլում:

Նահանգի տարածքում գտնվում է կայսրերի 72 դամբարանատեղի, որոնցից Սիանի մոտակայքում գտնվում է Չինաստանի առաջին կայսր Ցին Շիհուանդիի գերեզմանը:

Չինաստանի առաջին կայսեր դամբարանատեղին հսկայական չափսերի է, այժմ դա զբոսաշրջիկներին ամենաշատ հետաքրքրող վայրերից է: Նրանք ժամանում են այդտեղ ամբողջ աշխարհից հանրահայտ թրծակավ բանակը տեսնելու համար, որը հայտնաբերվել էր քաղաքի արեւելյան արվարձաններից մեկում գտնվող դամբարանատեղիում:

Կայսրն անգամ հետմահու շրջապատել էր իրեն բանակով, որը կոչված էր պաշտպանել նրան նաեւ մահից հետո: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր ավելի քան  տասը հազար զինվորից բաղկացած հետեւակազոր, որոնցից մի քանի հարյուրը գտնվում են մեծ չափսի հանգարներում:

Համալիրը ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում եւ համարվում է մարդկության պատմության մեջ խոշորագույն կայսերական դամբարանատեղիներից մեկը:

Երկու ֆուտբոլի դաշտի մեծությամբ գոտում գտվում է նետաձիգների եւ ռազմական կառքերի բանակը: Նրանք կանգնած են մարտական շարքում ստորգետնյա դամբարանատեղիներում, ընդ որում՝ յուրաքանչյուր թրծակավ մարտիկի դեմքի արտահայտությունը տարբերվում է մյուսներից:

Տպավորիչ է նաեւ փաստը, որ համալիրի տարածքում վերականգնողական աշխատանքները դեռեւս ավարտին չեն հասցվել, եւ առաջիկա տարիներին մենք կիմանանք, թե էլ ինչ գաղտնիքներ ունի այդ հողը:

Ամեն տարի սեպտեմբերին Սիանում անցկացվում է «Մետաքսե ուղի» փառատոնը, փողոցներում կազմակերպվում են համերգներ եւ բազում այլ միջոցառումներ, կանգնեցված է նաեւ բուդիստ կուսակրոն Սյուանցզանի արձանը, որը մեկնել էր Հնդկաստան գիտելիք ստանալու համար: 17 տարվա ընթացքում Սյուանցզանը ճանապարհորդել է, ապրել եւ հավաքել բուդիզմի մասին պատմվածքներ Հնդկաստանում:

Վերադառնալով՝ նա հիմնել է սանսկրիտից չինարեն տեքստերը թարգմանելու դպրոց: Նրա արկածների մասին գրվել է հանրահայտ չինական դասական վեպ՝ «Ճամփորդություն դեպի Արեւմուտք» անունով:

Փառատոնի ժամանակ կարելի է տեսնել համերգներ, ջահերով ելույթներ, թմբուկներով ելույթներ, ավանդական մշակութային ցուցահանդեսներ, կյանքի տեղական խորհրդանիշը՝ նուռը, ինչպես նաեւ հացի տեսականին եւ այսպիսի շապիկ:

Դեռ ավելին, ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել Ջրաշուշանների այգին այցելելու հնարավորությունը: Մեր օրերում գոյություն ունեցող Ջրաշուշանների այգին վերակառուցված է հնագուն նույնանուն այգու ավերակների վրա: Այդտեղ բնության գեղեցկությունն ու պատմական էքսպոզիցիաները հաճախ կիրառվում են որպես բազմաթիվ չինական ֆիլմերի դեկորացիաներ. դրանք կիրառվում են հատկապես այն ֆիլմերում, որոնք նկարագրում են Թանի դարաշրջանի իրադարձությունները:

Մուտքի մոտ ձեզ կարող են դիմավորել նաեւ այսպես:

Առավոտյան ջրվեժի կամ հիմնական աշտարակի ֆոնին մարդիկ զբաղվում են թայ ցզի ցյուանով: Եւ քանի որ չինացիները բարեսիրտ ժողովուրդ են, ապա հաճույքով համաձայնվում են նկարվել ձեզ հետ: