Այս շաբաթ 7 օր ժամկետով փակ են դպրոցները ինդոնեզական Բորնեո կղզու երկու քաղաքներում օդի աղտոտվածության «վտանգավոր» մակարդակի պատճառով, հաղորդում է Reuters-ը:

Ինդոնեզիան եւ դրա հարեւան երկրները մշտապես տառապում են անտառային հրդեհներից առաջացած ծխից, սակայն իրավիճակն էլ ավելի է վատթարացել 2015 թվականից, երբ տարածաշրջանում երաշտ էր:

Կիրակի Կենտրոնական Կալիմանտանի մայրաքաղաքում օդի որակը գերազանցել էր 500-ը՝ ինդեքսի վտանգավոր մակարդակը:

Դրա հետեւանքով նահանգապետը որոշում է կայացրել կղզու երկու քաղաքներում փակել դպրոցները հաջորդ շաբաթվա ընթացքում:

Կղզու մնացած դպրոցները կբացվեն սովորականից կես ժամ ուշ:

Ավելի վաղ Ինդոնեզիայի շրջակա միջավայրի պահպանման նախարարը հայտարարել է, որ երկրի տարածքում որոշ անտառային հրդեհները սկսվել են մալազիական ընկերությունների դուստր ձեռնարկությունների կողմից օգտագործվող հողերի վրա:

Երկրի իշխանությունները կոչ են արել Կենտրոնական Կալիմանտանին զերծ մնալ քաղաք դուրս գալուց եւ կրել դիմակներ: