Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Փհենյան: Այս մասին հայտնում է հարավկորեական JoongAng Ilbo պարբերականը՝ վկայակոչելով մի քանի աղբյուրների տվյալները:

Պարբերականի տեղեկություններով՝ հրավերը կատարվել է նամակով, որն ԱՄՆ առաջնորդին է փոխանցվել այս տարվա օգոստոսին: Այդ ժամանակ Թրամփը լրագրողներին ասել էր, որ Հյուսիսային Կորեայի ղեկավարից «անչափ լավ ուղերձ» է ստացել: Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը «երեք հոյակապ էջ» է գրել, որոնցում գանգատվել է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունների անցկացումից եւ առաջարկել դրանց ավարտից հետո բանակցությունները վերսկսել: Թրամփը նշել է, որ նամակը Փհենյանից ուղիղ իր աշխատասենյակ է հասցվել:

«Չունան իլբոն» նշում է, որ Կիմ Չեն Ընն ուղերձում իր ամերիկացի գործընկերոջն առաջարկել է դեմ առ դեմ անցկացնել բարձր մակարդակով բանակցությունների երրորդ ռաունդը, ընդ որում՝ հայտնի չէ, թե Թրամփն արդյոք այս նամակին պատասխանել է:

ԱՄՆ-ի եւ Հյուսիսային Կորեայի ապամիջուկայնացման խնդրի շուրջ աշխատանքային բանակցությունները այս տարվա փետրվարից տեղապտույտի մեջ են Հանոյում Թրամփի եւ Կիմ Չեն Ընի անարդյունք ավարտված գագաթնաժողովից հետո: Չնայած 2 առաջնորդներն այնուհետեւ հունիսին հանդիպել են Փհանմունջոմում եւ պայմանավորվել երկխոսության վերագործարկման մասին, բայց մինչ օրս դա տեղի չի ունեցել: