Կիրակի երեկոյան Մեքսիկայի Տաբասկո նահանգի մայրաքաղաք Վիլյաէրմոսի արվարձանում գտնվող բարի վրա հանցագործների խմբի հարձակման հետեւանքով զոհվել է նվազագույնը 5 մարդ եւ մեկը վիրավորվել, հայտնում է Milenio-ն:

Պարբերականի տեղեկություններով՝ անհայտ զինված անձինք մտել են հաստատություն եւ այցելուների վրա կրակ բացել, որից հետո փախուստի են դիմել: Իշխանությունները սկսել են տեղի ունեցածի հանգամանքների քննությունը: Առայժմ հայտնի չէ, թե հարձակման հետեւում որ հանցավոր միությունն է կանգնած: Օգոստոսի վերջին Վերակրուս նահանգի Կոացակոալկոս քաղաքում հարձակում էր իրագործվել «Սպիտակ ձի» բարի վրա, որի հետեւանքով մահացել էր 30 մարդ:

Օգոստոսի 20-ին Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը ընդունել էր, որ իր կառավարությանն աշխատանքի 9 ամսում չի հաջողվել բարելավել անվտանգության ոլորտի իրավիճակը: Նրա խոսքով՝ իշխանությունները կարողացել են իրավիճակը կայունացնել, բայց չեն հասել հանցագործությունների թվի նվազման: