Արարատի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում՝ Սուրենավան գյուղի վարչական տարածքում, բախվել են BMW մակնիշի ավտոմեքենան եւ КамАЗ մակնիշի 777 TT 65 համարանիշի կցորդիչով բեռնատարը:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով BMW-ում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով:

Հրշեջները, մարելով կրակը, BMW-ում հայտնաբերել են վարորդի եւ 2 ուղեւորների՝ ամբողջովին մոխրացած դիերը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ BMW-ի վարորդը դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի ու բախվել КамАЗ-ին, ինչից առաջացել է հրդեհ:

Փրկարարները 1 ժամից ավելի տանջվել են եւ հատուկ տեխնիկայի միջոցի օգտագործմամբ կարողացել են ավտոմեքենան մասնատել, որպեսզի դիերը դուրս բերեն:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը Պարսկաստանից էր վերադառնում, ուղեւորներն էլ մայր ու դուստր էին, ու նրանք բնակվում էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում: Աղբյուրի տեղեկություններով՝ КамАЗ-ը վարել է Երեւանի բնակիչ Ռազմիկ Ա.-ն: Մահացածներն են 51-ամյա Քրիստինե Մարտիրոսյանը եւ 29-ամյա Լուսինե Մարտիրոսյանը, իսկ BMW-ի վարորդը Վարոս Մարկոսյանն էր:

«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր 24-ամյա Գևորգ Ս.-ն, հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: