Այն, որ պետք է վարչական բողոքարկման գործընթացում ֆիլտր մտցվի եւ բեռնաթափվեն վարչական դատարանները, դրանում ոչ մի խոսք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ԱԺ նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Նշենք, որ առաջարկվող նախագծով առաջարկվում է, որ բողոքարկումները դիտարկող վարչական մարմինն իր եզրակացությունը պետք է տա ոչ թե 30, այլ 15 օրում, ինչից հետո քաղաքացին, եթե համաձայն  չէ, կարող է դիմել դատարան։

Արմեն Խաչատրյանը նկատեց, որ այս օրինագծով, իսկապես վարչական դատարանները գուցե մի փոքր բեռնաթափվեն, սակայն երբ հաջորդ տարվա սկզբից ուժի մեջ մտնի ՃՈ տուգանքների բալային համակարգը, սպասվում է դատական բողոքարկումների մեծ ծավալ:

«Այն, որքան հիմա մենք բեռնաթափում ենք, ես կանխատեսում եմ, որ դրա կրկնակի չափով ավելանալու են բողոքարկումները վարչական դատարանում եւ ըստ էության հարցը լուծում չի ստանալու: Դատարաններում գործերը այդ ժամանակ ավելի շատ են լինելու, քան այսօր»,-ասաց նա:

Պատգամավորը հավելեց, որ անհրաժեշտ է պետտուրքի մասով եւս կարգավորումներ մտցնել. «Բալային համակարգով կբողոքարկեն վերադասության կարգով, իսկ մերժվելու դեպքում կդիմեն դատարան: Ի՞նչն է խանգարում երկու փուլով բողոքելը, ոչ մի բան: Դրանով կծանրաբեռնեն եւ վարչական մարմինի, եւ դատարանին: Արդյունքում տարիներ շարունակ գործերը կմնան վարչական դատարանում, կքննվեն, բալային համակարգն էլ պատշաճ չի մտնի ուժի մեջ: Առաջարկում եմ փոփոխություններ անել նաեւ պետտուրքի մասով, որ եթե մարդը բողոքարկում է վարչական դատարան, գոնե վարչական ակտի չափով պետտուրք վճարի, որ վտանգ լինի, որ դատը չշահելու դեպքում կարող է կորցնել այդ գումարը: Հետեւաբար վարչական դատերի թատերականացումներ չեն լինի»,-ասաց պատգամավորը: