Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեին վիրահատության համար հոսպիտալացրել են, հաղորդում է Yonhap-ը՝ հղում անելով երկրի արդարադատության նախարարությանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Գերատեսչության տեղեկություններով՝ այսօր առավոտյան Պակ Կըն Հեին քննչական մեկուսարանից տեղափոխել են Սեուլի Սուրբ Մարիամ կլինիկա, որտեղ նրան վիրահատության կենթարկեն սեպտեմբերի 17-ին:

Հաղորդվում է, որ նախկին նախագահը չի կարողանում շարժել ձախ ուսը ուսի մկանների ենթադրյալ խզման պատճառով:

Հիշեցնենք, որ Պակ Կըն Հեն հեռացվել է իշխանությունից եւ 25 տարվա ազատազրկման դատապարտվել կոռուցիայի եւ իշխանության չարաշահման մեղադրանքով: Բացի այդ, նա տուգանվել է 17 մլն դոլարի չափով: Ավելի ուշ նրան դատապարտել են լրացուցիչ 6 տարվա ազատազրկման կաշառք շորթելու եւ պետական միջոցները յուրացնելու համար, ինչպես նաեւ եւս 2 տարվա ազատազրկման՝ ընտրական օրենսդրությունը խախտելու համար: