Հուսիներն օտարերկրացի մասնագետներին կոչ են արել խուսափել Սաուդյան Արաբիայում հարձակման ենթարկված նավթային օբյեկտներ այցելելուց, քանի որ դրանք կարող են ցանկացած պահի նոր հարձակման թիրախ դառնալ: Այս մասին հայտարարել է Եմենի «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Յախյա Սարիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ցանկանում եմ ընկերություններին եւ օտարերկրացիներին զգուշացնել, որ նրանք պետք է խուսափեն հարվածներից տուժած ձեռնարկություններ այցելելուց, քանի որ դրանք դեռեւս գտնվում են մեր թիրախում եւ կարող են ցանկացած պահի հարձակման օբյեկտ դառնալ: Սաուդյան ռեժիմին ցանկանում ենք ասել՝ մեր երկար ձեռքը կարող է հասնել ցանկացած տեղ, որտեղ մենք ցանկանանք, եւ ցանկացած պահի, երբ մենք կորոշենք: Այդ պատճառով սաուդյան ռեժիմը պետք է դադարեցնի ագրեսիան եւ Եմենի շրջափակումը»,- նրա խոսքը մեջբերում է Al Massira հեռուստաալիքը: Նա նաեւ հայտնել է, որ թագավորության նավթավերամշակող գործարանների դեմ դիվերսիաների ժամանակ նոր տեսակի շարժիչներով, այդ թվում ռեակտիվ շարժիչներով անօդաչու սարքեր են օգտագործվել:  

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին մեղադրել է Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ դերակատարում ունենալու համար: Նրա խոսքով՝ չկան ապացույցներ, որ հարձակումներն իրականացվել են Եմենից:  

Շաբաթ լույս գիշերը երկրի արեւելքում Saudi Aramco ձեռնարկությունների վրա հարձակում էր կատարվել տասը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Պատասխանատվությունը ստանձնել էր «Անսար Ալլահ»-ը: Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհում նավթամշակման խոշորագույն համալիրներից մեկը Աբկայկ քաղաքի մերձակայքում, որտեղ բնակվում են բազմաթիվ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթամշակման գործարանը Հուրայս շրջանում, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքը: Հարձակումներից հետո ուժգին հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ կրակը տեղայնացվել է:

Հարձակումներից հետո թագավորությունում նավթի արդյունահանումը կրճատվել է 50%-ով: The Wall Street Journal-ի հաղորդմամբ՝ երկրի իշխանությունները կարծում են, որ Saudi Aramco-ին կհաջողվի մեկ երրորդով վերականգնել նավթի արդյունահանումն արդեն երկուշաբթի երեկոյան: