«Իմ քայլը» խմբակցությունը ձեւավորվել է բոլորիս հայտնի պայմաններում, այն ունի շատ լուրջ աշխատանք կատարելու որպես քաղաքական մեկ ամբողջություն կայանալու համար: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք այդ աշխատանքը պետք է կատարեն:

Դիտարկմանը, որ «Իմ քայլը» խմբակցությունում տարբեր հարցերում կարծիքները կիսվել են, հնարավո՞ր է, որ դա հանգեցնի խմբակցության փլուզման, ապա նաեւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, Փաշինյանը պատասխանեց. «Կհաջողվի՞ կատարել այդ աշխատանքը՝ լավ, չի հաջողվի կատարել այդ աշխատանքը՝ էլի լավ, ոչ մի ողբերգություն չկա: Եթե «կարողա»-ներով խոսենք, կարող է չհանգեցնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ մեծ  հավանականությամբ նման բան տեղի չի ունենա:

Հայաստանը պետք է լինի ժողովրդավարական, իրավական, ինքնիշխան եւ սոցիալական երկիր: Այս շրջանակներից ներս ինչ էլ տեղի ունենա, դա ողբերգություն չէ: Ոչ միայն ողբերգություն չի, այլ դրանք նորմալ պրոցեսներ են»: