ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու միջնորդագիր ես ստորագրել եմ, եւ համապատասխան հրամանագիրը, կարծում եմ, մեկ-երկու օրվա ընթացքում կստորագրվի: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա տեղի է ունեցել մի քանի քննարկումների արդյունքում ԱԱԾ-ի տնօրենի հետ եւ փոխադարձ համաձայնությամբ: Մենք պարոն Վանեցյանի հետագա գործունեության մի քանի սցենարներ են քննարկվել, եւ այդ սցենարները կքննարկվեն հընթացս: Այս պահին, կարծում եմ՝ պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս բերելու շատ կարեւոր, ազգային եւ պետական նշանակության խնդրի լուծման վրա»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը լրագրողի հարցին պատասխանելով, ասաց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնին կան հավակնորդներ, ինքը կքննարկի եւ որոշում կկայացնի: