Ես անձամբ հանքարդյունաբերություն երեւույթով հիացած չեմ, եւ այնքան էլ լավ չեմ դրան վերաբերվում, բայց հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելու ընդհանուր միտումը ընդունելի չէ եւ հակասում է մեր երկրի ազգային եւ անվտանգային շահերին: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ չէր ցանկանա խոսել անվգանային բաղադրիչի մասին, բայց ստիպված է հիմա որոշ բաներ ասել:

«Դուք գիտեք, որ մենք հակամարտության մեջ գտնվող երկիր ենք: Մենք պարտավոր ենք քննարկել վատթարագույն դեպքերը եւ մեր երկրի կարիքները հոգալու միջոցները: Ասենք, Աստված չանի, եթե օրինակ, պատերազմ է սկսվում, տնտեսական պրոբլեմ է առաջանում: Իսկ ատնտեսական եւ անվտանգային պրոբլեմներ առաջանում են որովհետեւ նման իրավիճակներում երկիրն ունենում է արտարժույթի դեֆիցիտ: Հիմա եկեք արձանագրենք, թե որոնք են մեր արտարժույթի աղբյուրները: Առաջին ամենաթարմ աղբյուրը զբոսաշրջություն է, որն այս տարի մեր երկրին բերել է 351 մլրդ դոլար, որը էլի աննախադեպ ցուցանիշ է Հայաստանի պատմության մեջ: Բայց երբ պատերազմ է սկսվում, զբոսաշրջիկները ոչ միայն չեն գալիս, այլ եկածներն էլ թողնում գնում են: Երկրորդ աղբյուրը գյուղմթերքի արտահանումն է, բայց երբ պատերազմ է սկսվում, դու փակում ես ամեն ինչ, որպեսզի սննդամթերքը մնա երկրում, որ պարենային ճգնաժամ չառաջանա: Երրորդ աղբյուրները այլ ապրանքների արտահանումն է: Բայց նման պայմաններում եւ կոշիկի, եւ համազգեստի, մնացած ամեն ինչի պահանջարկն աճում է ռազմավարական պաշարներ ունենալու համար: Այսինքն արտահանումից արտարժույթ ձեռք բերելու հնարավորություններից նույնպես երկիրը զրկվում է, որովհետեւ ռազմական դրության պայմաններում բոլոր ռեսուրսները կենտրոնացվում են: Ընդհանրապես պետությունը բերվում է ռազմական իրավիճակի»,-հայտարարեց Փաշինյանը:

Նրա խոսքով, նման պայմաններում միակ աղբյուրը, որ Հայաստանին կարող է բերել արտարժույթ, որքան էլ բնությունն իր պես սիրողների համար տհաճ լինի, հանքարդյունաբերություն է մնում. «Հետեւաբար, հանքարդյունաբերությունը դեմոնիզացիայի ենթարկելը նշանակում է հարված հասցնել մեր երկրի անվտանգությանը: Այս մասին որոշ մասնագետներ խոսել են, բայց չեն լսվել»: