ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է տեսակետին, որ Ամուլսարի հարցը անտեղի առանձնացվում է, մինչդեռ Հայաստանում էլի կան մետաղական հանքեր, որոնց աշխատանքը վերահսկելու անհրաժեշտություն կա:

«Ասում են՝ Ամուլսարի նախագիծը փակենք: Ենթադրենք, հիմա ես որոշում գրեցի ու ասացի՝ փակեք: Մենք նույն միջազգային հանրության առաջ պետք է պատասխան տանք մի հարցի. Եթե մենք այդքան բնապահպանական երկիր ենք, ինչու մինչեւ հիմա չենք փակել Զանգեզուրի հանքը, Զոդի հանքը, մյուս հանքերը, եւ հանկարծ որոշել ենք, որ այս նախագիծը, որը առնվազն նախագծի մակարդակով մյուս բոլոր հանքերից մի քանի գլուխ բարձր է, եւ Հայաստանի 3-րդ հանրապետության ամենախոշոր ներդրումային ծրագրերից մեկն է»,-իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց վարչապետը:

Նրա խոսքով, եթե մենք այս հարցին լուրջ չվերաբերվենք, Հայաստանը դառնալու է սեւ խորշ աշխարհի տնտեսական քարտեզի վրա. «Մուդիզը մեր վարկանիշը բարձրացրել է եւ մենք ուրախացել ենք, բայց դեռ տարածաշրջանում հետ ենք ներդրումային գրավչության առումով: Մի մասից ավել ենք, մի մասից էլ հետ ենք»,-հայտարարեց վարչապետը:

Փաշինյանը նկատեց, որ եթե Ամուլսարի դեպքում պետք է նոր ՇՄԱԳ անցկացնել, ապա հարց է ծագում, թե ինչու Զանգեզուրի հանքի դեպքում նոր ՇՄԱԳ-ի պահանջ չենք դնում, որի ՇՄԱԳ-ը մի քանի թերթ է. «Բնապահպանական ժամանակակից չափանիշներ չի նշանակում հանքերի բացակայություն»,-ասաց նա:

Անդրադառնալով Զոդի ոսկու հանքավայրին, Փաշինյանը հայտարարեց, որ Սեւանա լճին հարակից բնակավայրերի կոյուղաջրերն ավելի շատ վնաս են հասցնում Սեւանին, քան Զոդի հանքավայրը. «Չնայած կա նաեւ մյուս խնդիրը, եթե մենք սկզբունքայնություն ենք ցուցաբերում Ամուլսարի հանքավայրին, պետք է սկզբունքայնություն ցուցաբերենք նաեւ մյուս հանքերի պարագայում»: