Հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիին սպասում ենք Երեւանում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններին։

«Հանդիպում եղել է, եւ մենք հոկտեմբերի 1-ին էլ ենք սպասում նրան Երեւանում։ Դուք գիտեք Իրանի շուրջ ինչ աշխարհաքաղաքական իրավիճակ է ձեւավորվել։ Եվ այդ պայմանավորվածությունների իրագործումը նաեւ որոշակիորեն կապված է Իրանի շուրջ ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակին։ Գործում են կոնկրետ պատժամիջոցներ, եւ այդ պատժամիջոցները որոշակի խոչընդոտներ են ստեղծում։ Իրան կատարած իմ այցից անցել է մի քանի ամիս, այս ընթացքում մի քանի անգամ փոխադարձ այցելություններ ու շփումներ են եղել եւ մենք աշխատում ենք մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը։

Հարցին՝ արդյոք եղել են պայմանավորվածություններ, որոնք այս մի քանի ամիսների ընթացքում իրագործվել են. «Որոշակի պայմանավորվածություններ կյանքի են կոչվել, եւ որոշակի պայմանավորվածություններ կյանքի կոչվելու փուլում են։ Ամեն ինչ կախված է միջազգային կոնյուկտուրայից, որովհետեւ մենք հասկանում ենք, որ դրա հետ կապված շատ մեծ պրոբլեմներ կան»։