Մենք պետք է  պարզաբանումներ ստանանք, թե ` որն է Մադրիդյան սկզբունքների ընձեռած հնարավորությունների ամպլիտուդը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությանը:

«Ստեփանակերտում իմ արած հայտարարությունը շատ բուռն եւ մեծ քննարկումների առիթ տվեց, բայց օգոստոսի 5-ի հայտարարությանը նախորդել էր մարտի 12-ի հայտարարությունը Ստեփանակերտում, որտեղ ես ասել էի հետեւյալը, որ մենք պետք է ստանանք պարզաբանումներ, թե Մադրիդյան սկզբունքներն ինչ են նշանակում: Այսինքն` որն է Մադրիդյան սկզբունքների ընձեռած հնարավորությունների ամպլիտուդը, մասնավորապես Ղարաբաղի կարգավիճակի առումով, որից հետո մենք կարող ենք  ասել` Մադրիդյան սկզբունքները մեզ համար ընդունելի են, թե ընդունելի չեն»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով` հաջորդ հարցը, որ ինքը հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար եւ Ադբեջանի ժողովրդի համար. «Եւ, ի միջի այլոց, ես եղել եմ ՀՀ առաջին ղելավարը, ով հայտարարություն է արել` խոսելով Ադրբեջանի ժողովրդի կողմից ընդունելիության մասին, ինչի համար նաեւ Հայաստանում քննադատվել եմ: Եւ ասել եմ` համանման հայտարարություն նաեւ ակնկալում եմ Ադրբեջանի իշխանության կողմից: Իմ այդ հայտարարությունից մեկ տարի անցել է, բայց Ադրբեջանի ղեկավարությունը նման հայտարարություն չի արել, ասել է` հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումների ընթացքում ասվել է, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր` ընդհուպ Ադրբեջանի կազմից դուրս եւ այլն, այսինքն էդ հայտնի սկզբունքները, որոնք ես առաջարկել եմ, որ պաշտոնապես արձանագրվեն: Հիմա եթե այս ամբողջ կոնտեքստում Ադրբեջանն ասում է, որ այս հարցը կարող է կարգավորվել իր տարածքային ամբողջականության սկզբունքով մենք ասում ենք, որ եթե իրենց սկզբունքն այդպիսին է, այսպես կատեգորիկ եւ կոմպրոմիս չճանաչող, ապա մեր սկզբունքն էլ պետք  է լինի Արցախը Հայաստանն է եւ վերջ»:

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզային` Փաշինյանն ասաց. «Ի՞նչ է աշխատում Բրայզան, միգուցե իր համար ավելի հարմար զբաղմունք կա, որովհետեւ մինչ ինքը համանախագահ էր, շատ ջրեր են հոսել, ինքը համոզված է, որ ամեն ինչին լավ տիրապետում է : Ես օրինակ համոզված չեմ, որ ինքն ամեն ինչին լավ տիրապետում է: Ի միջի այլոց, եթե էդքան հեշտ էր Ղարաբաղյան հարցը լուծելը, պարոն Բրայզան թող համանախագահ ընտրված ժամանակ լուծեր»:

Նշենք, որ Մեթյու Բրայզան մեկնաբանելով Փաշինյանի Արցախը Հայաստան է արտահայտությունը, ասել է. «Այն ինչ ասաց Փաշինյանը, կանգնեցրեց ողջ բանակցային գործընթացը: Չի կարելի այդպես բանակցություններ վարել»: