ՕՊԵԿ-ը գնահատում է նավթի շուկայի վրա Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումների ազդեցությունը եւ կարծում է, թե դեռեւս վաղ է, որ կազմակերպության երկրները արդյունահանման մեծացմանը կամ արտահերթ հանդիպմանն առնչվող որեւէ միջոց ընդունեն, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Արաբական Միացյալ Էմիրությունների էներգետիկայի նախարարին եւ այլ աղբյուրների:

Երկուշաբթի նավթի գները գրեթե 20 տոկոսով բարձրացել են, ընդ որում՝ Brent տեսակի նավթը 1991 թվականին Պարսից ծոցում պատերազմի տարիներից սկսած օրվա ընթացքում ռեկորդային վերելք է ցուցադրել հանգստյան օրերին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո, որոնց հետեւանքով թագավորության նավթարդյունահանման ծավալը կրկնակի կրճատվել է:

ԱՄԷ-ի էներգետիկայի նախարար Սուհեյլ ալ Մազրուին երկուշաբթի ասել է, որ իր երկիրն ազատ նավթային հզորություններ ունի սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումներից հետո մատակարարումների հնարավոր խափանումների դեմ պայքարելու համար, սակայն դեռեւս վաղ է ՕՊԵԿ-ի արտահերթ հանդիպում գումարել:

«Մենք ազատ հզորություններ ունենք, ծավալներ կան, որոնցով կարող ենք աշխատել որպես ակնթարթային արձագանք»,- Աբու Դաբիում լրագրողներին ասել է նա:

Եթե սաուդյան Արաբիան խնդրի ՕՊԵԿ-ի արտահերթ հանդիպման անցկացում, մենք դա կքննարկենք, ասել է նա:

Երկուշաբթի ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Մուհամմեդ Բարկինդոն Միջազգային էներգետիկ գործակալության ղեկավար Ֆաթիհ Բիրոլի հետ քննարկել է հանգստյան օրերին իրագործված հարձակումներից հետո նավթի շուկայի իրավիճակը, Reuters-ին ասել է ՕՊԵԿ-ում աղբյուրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Բարկինդոն եւ Բիրոլը գոհունակություն են հայտնել, որ Սաուդյան Արաբիայի իշխանություններն իրավիճակը հսկողության տակ են առել եւ համաձայնել են շարունակել հետեւել շուկայի իրավիճակին ու մոտակա մի քանի օրը պահպանել մշտական շփումները:

Հաշվի առնելով նավթի գլոբալ պաշարների բարձր մակարդակն ու այն, որ բացակայում են դեֆիցիտի նշանները, ՕՊԵԿ-ը դեռեւս չի քննարկի որեւէ միջոց ձեռնարկելու հնարավորությունը: Այս մասին հաղորդել են 2 այլ աղբյուրներ:

«Այդ մասին դեռեւս վաղ է խոսել»,- ասել է աղբյուրներից մեկը:

Կազմակերպության եւս մեկ աղբյուր նշել է, որ ՕՊԵԿ-ի կողմից ձեռնարկվելիք գործողությունների մակարդակը սահմանափակ է:

Հիշեցնենք, որ շաբաթ լույս գիշերը երկրի արեւելքում Saudi Aramco ձեռնարկությունների վրա հարձակում էր կատարվել տասը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ հուսիները: Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհում նավթամշակման խոշորագույն համալիրներից մեկը Աբկայկ քաղաքի մերձակայքում, որտեղ բնակվում են բազմաթիվ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթամշակման գործարանը Հուրայս շրջանում, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքը: Հարձակումներից հետո ուժգին հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ կրակը տեղայնացվել է: