ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը վտանգավոր է անվանել WhatsApp եւ Telegram մեսենջերների օգտագործումը: Այդպիսով Սնոուդենը պատասխանել է France Inter ֆրանսիական ռադիոկայանի հարցին: Նա նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր աշխատակիցների հետ կապի համար Telegram է օգտագործում, իսկ կառավարության ղեկավար Էդուար Ֆիլիպը նախարարների հետ շփվում է WhatsApp-ի միջոցով, հաղորդում է ՌԲԿ-ը:

«Այդ ծրագրերից օգտվելն ավելի լավ է, քան եթե sms եք ուղարկում կամ օգտվում առանց կոդավորման հեռախոսից, սակայն եթե դուք վարչապետ եք, ապա այդ համակարգերից օգտվելը չափազանց ռիսկային է: Եթե կառավարությունում WhatsApp են օգտագործում, դա սխալ է»,- պատասխանել է Սնոուդենը:

Նա նշել է, որ WhatsApp-ը ղեկավարող Facebook ընկերությունը մեսենջերից «շերտ առ շերտ» հանում է պաշտպանությունը, սակայն վստահեցնում է, որ չի լսում խոսակցությունները, քանի որ դրանք գաղտնագրված են:

«Սակայն նրանք փորձում են դա անել հանուն ազգային անվտանգության: Իրականում այդ ծրագրերը երբեք չեն օգտագործվել հանրության անվտանգության համար, հարցն իշխանությունն է, ազդեցությունը, աշխարհում իրադարձությունների ընթացքը փոխելու հնարավորությունը: Այնպես որ, պետք չէ օգտագործել WhatsApp եւ Telegram մեսենջերները, եթե այլընտրանք ունեք»,- հավելել է Սնոուդենը:

Նրա խոսքով՝ այդ ծրագրերի փոխարեն ավելի լավ է օգտագործել Signal կամ Wire մեսենջերները:

Պատասխանելով այն հարցին, թե անվտանգության ինչ միջոցներ կարելի է խորհուրդ տալ սմարթֆոնների եւ համակարգիչների օգտատերերին, Սնոուդենն ասել է, որ չի ցանկանում շփոթեցնել օգտատերերին, քանի որ ամեն դեպքում հատուկ ծառայությունների դեմ պայքարն անհավասար է: