Ես Ադրբեջանի իմ գործընկերոջն էլ եմ ասել, համանախագահներին էլ եմ ասել, որ Հայաստանը, Արցախը սպառնալիքների ներքո Արցախի հարցի կարգավորման չի գնա: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս տարվա ընթացքում Ադրբեջանը աննախադեպ թվով զորավարժություններ է անցկացրել, որոնց մասնակցել են Թուրքիան, Վրաստանը:

Հարցին, թե ինչով է Հայաստանը պատասխանելու այդ զորավարժություններին, Փաշինյանը հիշեցրեց, որ քիչ առաջ իր ներկայացրած 100 քայլերի մեջ շատ լուրջ կետեր կային եւ հենց դա է իրենց պատասխանը:

«Ես կարծում եմ, որ մենք բանակցային սեղանի շուրջ, կառուցողական բանակցային գործընթացով լուծենք Ղարաբաղի հարցը: Պետք է դադարեցնել քաղաքականությունը՝ մեզ սպառնալու միջոցով փորձել պարտադրել լուծում: Մենք պատրաստ ենք կառուցողական բանակցությունների, մեր դիրքորոշումը շատ կառուցողական է՝ հիմնված փաստերի վրա: Մենք ուզում ենք հասնել հարցի կարգավորման, ոչ թե ձեւ անել, թե հարցի կարգավորման վրա աշխատում ենք: Մենք առաջարկում ենք ձեւ անելը դադարեցնել եւ անցնել բովանդակային իրական քննարկումների, որոնք հաշվի են առնում, որ մենք պետք է հարցը կարգավորենք, ոչ թե ունքը սարքելու փոխարեն աչքն էլ տանք հանենք»,-ընդգծեց ՀՀ վարչապետը:

Հարցին, թե Ալիեւի կողմից նման պատրաստակամություն տեսե՞լ է, նա արձագանքեց. «Դե եկեք բանակցությունների փակ հատվածներից բան չասեմ: Ես ոչ թե ձեզնից գաղտնիք ունեմ, ուղղակի կոռեկտ չէ»: