Վաշինգտոնը չի կարծում, որ Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումն իրագործվել է Իրաքի տարածքից: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հեռախոսազրույցի ժամանակ այս մասին հայտնել է Իրաքի վարչապետ Ադել Աբդուլ Մահդիին: «Տեղեկությունը, որն ԱՄՆ տրամադրության տակ է, հաստատում է Իրաքի կառավարության այն հայտարարությունը, որ իր տարածքը չի օգտագործվել այդ հարձակման իրականացման համար»,- հայտարարել է Իրաքի կառավարությունը, փոխանցում է Reuters-ը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Պոմպեոն եւ Աբդուլ Մահդին պայմանավորվել են փոխանակել հարձակման մասին տեղեկությունները: «Վարչապետն ընդգծել է, որ Իրաքի պարտականությունն է ապահովել սեփական անվտանգությունն ու կայունությունը, ցանկացած էսկալացիա թույլ չտալ եւ իր տարածքի օգտագործման կանխումը ցանկացած հարեւան, եղբայրական կամ բարեկամական երկրի դեմ»:

Հիշեցնենք, որ շաբաթ լույս գիշերը երկրի արեւելքում Saudi Aramco ձեռնարկությունների վրա հարձակում էր կատարվել տասը անօդաչու թռչող սարքերի միջոցով: Պատասխանատվությունը ստանձնել էին Եմենի «Անսար Ալլահ» ապստամբ հուսիները: Մասնավորապես, հարձակման էր ենթարկվել աշխարհում նավթամշակման խոշորագույն համալիրներից մեկը Աբկայկ քաղաքի մերձակայքում, որտեղ բնակվում են բազմաթիվ արեւմտյան մասնագետներ, ինչպես նաեւ նավթամշակման գործարանը Հուրայս շրջանում, որտեղ տեղակայված է թագավորության մեծությամբ երկրորդ նավթային հանքը: Հարձակումներից հետո ուժգին հրդեհ է բռնկվել: Ավելի ուշ իշխանությունները հայտարարել էին, որ կրակը տեղայնացվել է:

ԱՄՆ-ն հարձակման մեջ մեղադրել է Իրանին: Թեհրանը ԱՄՆ հայտարարություններն անհիմն է համարում: