Apple ընկերությունը դատական հայց կներկայացնի՝ կապված որպես հարկային վերադարձ 13 մլրդ եվրոյի չափով վճարման մասին Եվրահանձնաժողովի որոշման հետ, հաղորդում է Reuters-ը:

Ակնկալվում է, որ ընկերությունը ֆինանսական տնօրեն Լուկա Մաեստրիի գլխավորությամբ 6 մարդուց բաղկացած պատվիրակություն կուղարկի՝ մասնակցելու Լյուքսեմբուրգի դատարանում կայանալիք երկօրյա դատական նիստին:

2016թ. օգոստոսին Եվրահանձնաժողովը հայտարարել էր, որ 1991թ. եւ 2007թ. Իռլանդիայի հարկային որոշումներն արհեստականորեն նվազեցրել էին Apple-ի հարկային բեռն ավելի քան 20 տարով:

Մրցակցության հարցերով եվրահանձնակատար Մարգրեթ Վեսթագերը նշել է 0,005% հարկային դրույքաչափը, որը 2014թ. վճարել է Apple-ի իռլանդական մասնաճյուղը՝ որպես անսովոր ցածր վճարումների   օրինակ:

Ակնկալվում է, որ Apple-ը կպնդի, որ որեւէ վատ բան չի արել, քանի որ պահպանել է իռլանդական եւ ամերիկյան հարկային օրենսդրությունը: Ընկերությունը մտադիր է հայտարարել, որ իր հարկերի հիմնական մասը գանձվում է ԱՄՆ-ի կողմից, քանի որ այդտեղ է գտնվում իր արտադրանքի մեծ մասը, ներառյալ՝ դիզայնը, նախագծումն ու մշակումը:

Իռլանդիան վիճարկում է նաեւ ԵՄ որոշումը: Իռլանդական հարկային ռեժիմը գրավիչ է բազմազգ ընկերությունների համար, որտեղ զբաղված է երկրի աշխատուժի մոտ 10%-ը: