Ամուլսարը չշահագործվելու դեպքում դրամի վրա որեւէ ռիսկ չկա. Հայաստանը ռեպուտացիոն ռիսկերի առաջ կկանգնի, որը շղթայական խնդիրներ կարող է առաջացնել: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մյուս կողմից, եթե Հայաստանը գնա ճշմարտության հետեւից եւ ճշմարտության բացահայտմամբ պարզվի, որ այդ հանքը չի կարող շահագործվել մեր բնապահպանական նորմերի տեսակետից, Հայաստանը որեւէ ռեպուտացիոն ռիսկ չի կրի, որովհետեւ Հայաստանը կապացուցի, որ բոլոր նրբություններում եղել է ճիշտ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ եթե հանքը շահագործվի, բնականաբար, այն օգուտներ կբերի:

«Անկախ նրանից՝ Ամուլսարը կշահագործվի, թե չի շահագործվի, մեր այս տարվա համար տնտեսական աճի կանխատեսումները լավն են, եւ մենք խնդիր ենք դրել, որ պետք է նվազագույնը 8-9 տոկոսանոց տնտեսական աճ ապահովենք առաջիկա տարիներին:

Հիմա համարենք, որ 2018-2019 թվականների անցումային փուլն ավարտվեց, չնայած այսօր տնտեսության վիճակը այնպիսին է, որ անցումային փուլի մասին խոսելու հիմք չկա: Տնտեսությունը մեր ուղերձները հստակ ընկալել է եւ այդ ուղերձների շրջանակում տեղի են ունենում հստակ զարգացումներ:

Մեր ամենամեծ խնդիրն այսօր այն է, որ կարողանանք մեր բյուջետային ծախսերն անել մաքսիմալ արդյունավետ, որպեսզի դրանց մուլտիպլիկատիվ էֆեկտը հնարավորինս մեծ լինի»,-հայտարարեց վարչապետը: