Ես կառավարության ներկայացուցիչներին հանձնարարել եմ, որ շփվեն «Նաիրիտի» խնդիրներով զբաղվող խմբի հետ եւ երբ կապացուցվի առաջարկների լրջությունը, ես պատրաստ եմ ինքս միանալ այդ քննարկումներին: Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Վերջին մեկ տարվա մեջ գիտե՞ք, թե ինչքան եմ լսել, որ այ մի հատ մարդ կա, պատրաստ է 6 մլրդ դոլարի ներդրում անի Հայաստանում, մի հատ պետք է ուղղակի հանդիպի: Եթե այդ բոլոր հայտարարությունները համապատասխանեին իրականությանը, մենք լրիվ ուրիշ իրավիճակ կունենայինք: Մեկը դուրս է գալիս ու ասում՝ ես ուզում եմ 8 մլրդ դոլարի ներդրում անեմ, իսկ վարչապետը լայաղ չի անում ինձ հետ հանդիպի: Այդ հայտարարությունը ստուգում ենք, պարզվում է 4 անգամ խարդախության համար դատված մեկն է»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով կոնկրետ «Նաիրիտի» խնդրին, նա ընդգծեց. «Էկոնոմիկայի նախարարը դրանով զբաղվել է եւ ես ասել եմ, որ երբ կտեսնեք առաջարկը հիմնավոր ու լուրջ է, ինձ կասեք, ես կմիանամ: Իմ օգնականը դրանից տեղյակ է եւ ասում է, որ այդ առաջարկները չեն հիմնավորվում»:

Դիտարկմանը, որ «Նաիրիտի» հետ կապված կոռուպցիոն գործարքներ են եղել, ինչու այդ ամենը բացահայտելու ուղղությամբ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկել, Փաշինյանը պատասխանեց. «Տրամաբանական կլիներ, որ ձեր խոսքի վերջում ասեիք՝ արդյոք սա չի նշանակում, որ «Նաիրիտը» թալանածների հետ ձեռք եք բերել քաղաքական պայմանավորվածություն:

Այսօր Հայաստանի քննիչների վարույթում միջինացված 50-60 քրեական գործ է քննում յուրաքանչյուր քննիչ: Մի մասն էլ այդ հարցերը քննում է չուզելով: Ահա եւ ձեր հարցի պատասխանը: Իհարկե, դա պատճառ չի, որ թալանը չբացահայտվի, խոսքն այն մասին է, որ ամեն ինչ որոշակի ժամանակ է տանում եւ միշտ չէ, որ հրապարակային հայտարարությունները համապատասխանում են իրականությանը»: